Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Իրանի դատական իշխանության հասարակության հարաբերությունների վարչության փոխնախագահ Մուհամադ Բաղեր Զոլղադրը հայտարարել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Իրանում ազատազրկվածների թիվը 22% -ով աճել է, ինչը նշանակում է, որ երկրում հանցագործությունը տարածվել ու մեծ մասշտաբների է հասել:
Ըստ Զոլղադրի՝ հանցագործությունների ու ազատազրկվածների թվի կտրուկ աճը խիստ վնասում է Իրանի միջազգային վարկանիշին, այն էլ այն ժամանակ, երբ Իրանը «իսլամական արթնության ջահակիրն» է դարձել իսլամական ու արաբական երկրներում:
Զոլղադրն իր խոսքն ավարտել է՝ երկրում հանցագործությունների աճը կապելով Իրանի դեմ Արևմուտքի պայքարի հետ։ Նա նշել է, որ Արևմուտքը փորձում է Իրանի հասարակության բարոյական արժեքները ոտնահարելով՝ ոչնչացնել իսլամական Իրանը:











































