ՀՀ տարածքում Ազգային վիճակախաղ կազմակերպելու նպատակով կառավարությունն այսօր նիստում որոշել է ՀՀ ֆինանսների նախարարին լիազորել պայմանագիր կնքել «Ամայա գեյմինգ գրուպ» կորպորացիայի հետ, որը հիմնադրվել և գործում է Կանադայի Քվեբեկի նահանգի օրենսդրության համաձայն։ Պայմանագրով ՀՀ տարածքում կիրականացվի շահումով խաղային սարքերի կենտրոնական հաշվետու համակարգի և ազգային վիճակախաղի ներդրումը։
Նաև որոշվել է վերը նշված կորպորացիայի սեփականություն հանդիսացող և ՀՀ տարածքում գրանցված «Ամայա-Արմենիա» ՍՊԸ հետ հիմնադրել 200 մլն դրամ կանոնադրական կապիտալով և երկու հասարակ բաժնետոմսով «Պետական լոտո» ՓԲԸ, որի 50 տոկոս բաժնեմասը 100 մլն դրամ արժեքով կպատկանի Հայաստանի Հանրապետությանը, իսկ մնացած 50 տոկոս բաժնեմասը 100 մլն դրամ արժեքով` «Ամայա-Արմենիա» ՍՊԸ-ին։
Ակնկալվում է, որ վերը նշված պայմանագիրն ստորագրելու արդյունքում ՀՀ պետբյուջեի եկամուտը 2012 թ. կավելանա երկու, իսկ 2013 թ.` շուրջ յոթ միլիարդ դրամով։











































