Metallica խումբը սկսել է աշխատել իր նոր ստուդիական ալբոմի վրա: Այդ մասին Gulf News-ի հետ զրույցում ասել է կոլեկտիվի բասիստ Ռոբերտ Տրուխիլիոն:
Նրա խոսքով` խումբը մի քանի շաբաթ առաջ է ձեռնամուխ եղել ձայնագրման աշխատանքներին: Տրուխիլիոն հայտնել է նաև, որ դրանք ղեկավարում է հայտնի պրոդյուսեր Ռիկ Ռուբինը, բայց թե կշարունակի՞ նա աշխատել հետագայում խմբի հետ, առայժմ հայտնի չէ:
Ձայնասկավառակը լույս կտեսնի 2012 թ.: Նոր ալբոմը իններորդն է խմբի պատմության մեջ:
Նախորդ` Death Magnetic ալբոմը լույս էր տեսել 2008 թ. և շատ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի երաժշտական աղյուսակներում, զբաղեցնում էր առաջին հորիզոնականը:
Վերջերս Metallica-ն թողարկել է Lulu ալբոմը, որը խումբը ձայնագրել է Լու Ռիդի հետ:
Մոտակա ժամանակներում խումբը մի քանի համերգ կտա Հնդկաստանում, հետո՝ ԱՄՆ-ում: Հոկտեմբերի 25-ին խումբն առաջին անգամ ելույթ է ունեցել Աբու Դաբիում:







































