ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է պահանջում ՀՀ արտաքին գերատեսչությունից: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ թեև ԱԳ նախարարը բացակայում էր, սակայն Ն.Զոհրաբյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը 2 օր առաջ 2 տարի ժամկետով ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, Ադրբեջանը հայտարարել է, որ այդ 2 տարին իրենք օգտագործելու են հիմնականում Լեռնային Ղարաբաղի խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ-ում արծարծելու համար, Թուրքիան հայտարարել է իր աջակցության մասին, ԱՄՆ պետդեպը և ՌԴ-ն շնորհավորել են Ադրբեջանին:
«Մենք, իհարկե, կարող ենք, ինչպես այսօր որոշ լրատվամիջոցներում հանդիպեցի, ասել «փտած ՄԱԿ», ասել, որ Ադրբեջանը գնել է 155 երկրի քվեն, չհասկանալով, որ դրանով մենք բարձրացնում ենք Ադրբեջանի դերն ու նշանակությունը, եթե Ադրբեջանը կարող է գնել 155 երկրի նախագահների և վարչապետների: Կարող ենք ասել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում մշտական անդամի կարգավիճակ ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք հստակ դիրքորոշում ունեն խնդրի վերաբերյալ, բայց ես կուզեի լսել, թե համապատասխան գերատեսչությունը ինչ պիտի աներ, որ չի արել, կամ ՄԱԿ-ում մեր ներակայացուցիչը՝ բացի շաբաթը մեկ նամակ գրելուց Պան Գի Մունին, թե ինչքան վատն է Ադրբեջանը: Ինչո՞ւ Հայաստանը չառաջադրեց իր թեկնածությունը: Դրանք հարցեր են, որ հնչելու են, քանի դեռ ԱԳՆ-ն հանդես չի եկել հստակ պարզաբանմամբ»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:







































