ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյները սուր քննադատության է ենթարկել Բարաք Օբամայի «վերաբեռնավորման» քաղաքականությունը Ռուսաստանի հետ`հայտարարելով, որ այն հակասում է ԱՄՆ արժեքներին և շահերին:
Նրա խոսքերով` ռուսական կողմի արձագանքը «վերաբեռնավորմանը» «ոչ մի բանով չի զիջում խորհրդային ժամանակների հզորությունը և ազդեցությունը վերականգնելու փորձերին»: Ներկայացուցիչների պալատի խոսնակը կոչ է արել Օբամային վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները վարչապետ Վլադիմիր Պուտինի` նախագահի պաշտոնին վերադառնալու լույսի ներքո:
Մասնավորապես, Բեյները հայտարարել է, որ ԱՄՆ-ը չպետք է թույլ տա Ռուսաստանին մտնել Առևտրի համաշխարհային կազմակերպության մեջ, քանի դեռ Ռուսաստանը չի կարգավորել տարածքային խնդիրները Թբիլիսիի հետ: Նա կոչ է արել Սպիտակ տանը ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել` ստիպելու Ռուսաստանին խզել կապերն Իրանի հետ, հատկապես՝ միջուկային և հրթիռային համագործակցության ոլորտներում, և զբաղվել մարդու իրավունքներին հետևելու հարցերով:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Բեյների այս հայտարարությունները հնչել են Վաշինգտոնում միջազգային քաղաքականության ոլորտում հետազոտություններ անցկացնող «Ժառանգություն» հիմնադրամի կոնֆերանսի շրջանակներում:
«Միացյալ Նահանգները պետք է պնդեն, որ Ռուսաստանը «վերաբեռնի» իր սեփական քաղաքականությունը: Եթե դրա համար անհրաժեշտ լինի ատամ ցույց տալ, պալատը (Ներկայացուցիչների,- 1in.am) պատրաստ է հավանություն տալ անհրաժեշտ միջոցառումներին»,- հայտարարել է ամերիկյան Կոնգրեսի ամենաբարձրաստիճան հանրապետական գործիչը:
Հիմնավորելով Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականությունը` Սպիտակ տունը նշում է, որ Մոսկվան Միացյալ Նահանգներին օգնություն է ցուցաբերել մի շարք հարցերում: Օբաման բազմիցս հայտարարել է, որ «վերաբեռնավորումն» իր քաղաքականության ամենամեծ նվաճումներից է:
Բեյները նշել է, որ Օբամայի իշխանության գալուց հետո Ռուսաստանն անփոփոխ կերպով միայն շահող է դուրս եկել հարաբերությունները կագավորելու ԱՄՆ փորձերից: Մոսկվան «շարունակում է ընդլայնել իր ֆիզիկական, քաղաքական և տնտեսական ներկայությունը»` իր հարուստ բնական ռեսուրսներն օգտագործելով որպես քաղաքական զենք:
Այժմ, երբ Պուտինը պատրաստվում է վերադառնալ Կրեմլ, «ճիշտ ժամանակն է հարցնելու՝ արդյո՞ք ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է վերանայել իր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ»,- հայտարարել է Բեյները:









































