Հայաստանի տնտեսությունը շարունակում է արտաքին ռիսկերի հանդեպ մնալ նույնքան բաց, որքան և որոշ ժամանակ առաջ: Նման գնահատական այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվեց ՀՀ-ում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին: Նա կարևորեց կառավարության ջանքերը՝ ուղղված արտաքին ցնցումների նկատմամբ Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելուն:
Անդրադառնալով հարկային ոլորտում նախատեսվող փոփոխություններին՝ Ժ. Մ. Հապին նշեց, որ աշխատում են ՊԵԿ-ի հետ՝ ոչ միայն հարկային քաղաքականությունը բարելավելու, այլև արդիականացնելու առումով. «Հետևում ենք «Ընդերքի մասին» օրենքի փոփոխությունների ընդունմանը, որը թույլ կտա այս ոլորտից բյուջե մուտք գործող եկամուտները ավելացնել: Հարկային եկամուտների ավելացումը պետք է ուղեկցվի վարչարարության բարելավմամբ»:
Ժ. Մ. Հապիի խոսքով՝ համաշխարհային տնտեսության աճն այս տարի կանխատեսվում է 2.4-2.8%, բայց, հաշվի առնելով պարտքային ճգնաժամը, հնարավոր է՝ ներդրողների վստահությունն ընկնի և աճը նվազի: Հայաստանի համար ՀԲ-ի կանխատեսումները մնում են նույնը՝ 2011-ին ՀՆԱ աճը՝ 4.5%, 2012-ին՝ 4-5%:







































