Դժվար է միանշանակ պատասխան տալ այն հարցին, թե ինչո՞ւ Թուրքիան, ի վերջո, ընդունեց ավերիչ երկրաշարժից հետո իրեն օգնության ցուցաբերելու Իսրայելի առաջարկը. դրա համար, առնվազն, պետք է տիրապետել այնպիսի տեղեկատվության, որն այսօր մեզ համար անհասանելի է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ Էդգար Վարդանյանը:
«Միայն այդ տեղեկատվությանը տիրապետելը մեզ թույլ կտար հստակ պատասխանել այն հարցին, թե ինչու Թուրքիան չընդունեց նաև Հայաստանի օգնության առաջարկը: Ըստ երևույթին, որոշակի գործընթացներ են տեղի ունենում, որոնց վերաբերյալ տեղեկատվություն չկա, և այս պարագայում ես դժվարանում եմ պատասխանել, թե ինչու է Թուրքիան նման դիրքորոշում դրսևորում»,- նշեց փորձագետը:
Նա բացառեց, որ Թուրքիան իրեն օգնելու խնդրանքով դիմի մեզ` նշելով, որ նման քայլ ակնկալելն իմաստ չունի: «Այդ երկիրը, ինքնահավան չասեմ, բայց վերևից նայելու քաղաքականություն ունի, և չեմ կարծում, որ նման խնդրանքով դիմի Հյաաստանին: Բնականաբար, Հայաստանն էլ դժվար թե ևս մեկ անգամ նրան իր օգնությունն առաջարկի»,- համոզմունք հայտնեց Էդգար Վարդանյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով Թուրքիան համաձայնել է օգնություն ընդունել Իսրայելից: Իսրայելական օգնությամբ առաջին ինքնաթիռը Թուրքիայում վայրէջք կկատարի այսօր առավոտյան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան շնորհակալությամբ մերժել էր Հայաստանի և Իսրայելի` իրեն օգնելու առաջարկը:









































