Boeing-787 Dreamliner-ի առաջին թռիչքի տոմսերից մեկը eBay-ում վաճառվել է 34 հազար ամերիկյան դոլարով:
Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, ճապոնական All Nippon Airways (ANA) ավիաընկերությունում, որին է պատկանում Dreamliner-ը, չեն հայտնել գնորդի անունը, միայն նշել են, որ նա Տոկիոյի բնակիչ է:
Boeing-787-ի կոմերցիոն առաջին թռիչքը Տոկիոյի «Նարիտա» օդակայանից Հոնգկոնգ տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 26-ին:
Բիզնես-դասով թռչելու հնարավորություն կունենա 6 մարդ: ANA-ն տոմսերը վաճառքի էր դրել eBay-ում, որտեղ տոմսերի արժեքը բարձրացավ այնքան, որ 13 անգամ գերազանցում էր Տոկիոյից Հոնգկոնգ օդանավի սովորական բիզնես-դասի տոմսերի արժեքը:
Բացի այդ`ANA-ն վաճառել է էկոնոմ-դասի 100 տոմս Dreamliner-ի առաջին թռիչքից: 1000 դոլար արժողությամբ տոմսի արժեքի մեջ ներառված է Հոնգկոնգի հյուրանոցներից մեկում մեկ գիշեր մնալը:
Հիշեցնենք, որ Boeing 787 Dreamliner-ը Տոկիո է հասել սեպտեմբերի 28-ին` շուրջ երեք տարվա ուշացումից հետո: Dreamliner-ը Boeing-ի ամբողջությամբ նոր ինքնաթիռ է, որի կառուցման համար օգտագործվել են շատ թեթև նյութեր, ինչի շնորհիվ այն 20 տոկոսով ավելի խնայողական է, քան այդ կարգի մյուս օդանավերը:
«Երազանքի օդանավում» կարող են տեղավորվել 210-290 ուղևորներ: Այն կարող է կատարել մինչև 15 հազար կմ թռիչք:








































