ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը՝ որպես գործարար, իր արժանապատվությունից ցածր է համարում գործող քաղաքային իշխանությունների հետ համագործակցությունը և իրեն պատկանող «Յունիքոր» ընկերության գովազդային վահանակները «բարբարոսաբար» ապամոնտաժելու՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչական ակտի օրինականությունը պատրաստվում է վիճարկել դատարանում: Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանը:
Արսենյանի խոսքով՝ Երևանի էսթետիկական տեսքը չխաթարելու համար քաղաքապետարանը որոշում է ընդունել հանել Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովայի փողոցի գովազդային վահանակները, սակայն իրեն պատկանող «Յունիքոր» և Նուշիկյան ընկերությանը պատկանող վահանակները ապամոնտաժվել են ամենաբարբարոս ձևով: «Ես ժամանակավորապես դադարեցնում եմ Երևանում գովազդային գործունեությունը, սա իմ պատիվն է: Իմ ընկերությանը վահանակների ապամոնտաժման արդյունքում մոտ 110 հազար դոլարի վնաս է հասցվել: 170-180 հազար դոլարի վնաս կրել է Նուշիկյան ընկերությունը: Դա է պատճառը, որ, քաղաքապետարանի համապատասխան ակտի օրինականությունը վիճարկելուց բացի, մենք` երկու ընկերություններս, դատարան ենք մուտք գործելու նաև փոխհատուցման պահանջով: Մեզանից յուրաքանչյուրը քաղաքապետարանից խորհրդանշական 1000 դրամ է պահանջելու` հաշվի առնելով, որ իրական վնասի փոխհատուցման համար քաղաքապետարանը գումարներ պետք է հավաքագրի սովորական քաղաքացիներից»,- նկատեց նա` ընդծելով, որ իրենք չենք ուզում վնաս հասցնել շարքային քաղաքացիների գրպանին:
«Որոշ մարդիկ կարծում են, թե իրենք են այս քաղաքի «նաչալնիկները»: Բայց ինչ-որ մեկի գույքն ապամոնտաժողները պետք է հասկանան, որ դա ուրիշինն է, և որ այդ գույքը պաշտպանված է: Ես բոյկոտ եմ հայտարարում այս քաղաքային իշխանություններին և իմ պարտքն եմ համարում հնչեցնել այս թեզը»,- ամփոփեց Գուրգեն Արսենյանը` հիշեցնելով, որ յուրաքանչյուր վահանակից քաղաքապետարանի բյուջե տարեկան 1,8 մլն դրամ եկամուտ է մուտք գործում:










































