ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց վերջին տարածաշրջանային այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հոկտեմբերի 21-24-ը այցելել են Երևան, Լեռնային Ղարաբաղ և Բաքու։ Համանախագահները հանդիպումներ են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների հետ։
Համանախագահներն ընդգծում են, որ անհրաժեշտ է էականորեն բարելավել բանակցությունների մթնոլորտը, բարձրացնել վստահության աստիճանը և ամրագրել հրադադարի ռեժիմի պահպանումը, որպեսզի հնարավոր լինի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ հետագա հնարավոր առաջընթացի գրանցումը։
Համանախագահները ներկայացրել են մի շարք սեփական առաջարկներ, որոնք ուղղված են հակամարտող կողմերի միջև վստահության ամրագրմանը։ Հակամարտող կողմերը համաձայնել են շփման գծում գրանցվող միջադեպերի հետաքննման մեխանիզմի նախագծին, որը համանախագահները ներկայացրել էին ապրիլին, և որի մասին նախագահներ Սարգսյանը, Ալիևը և Մեդվեդևը մարտին ազդարարել էին Սոչիում։
Համանախագահները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ, որպեսզի նրանց հետ քննարկեն բնակչության նախապատրաստումը հակամարտության արդար ու ամուր խաղաղ կարգավորմանը։
Համանախագահները հոկտեմբերի 22-ին ոտքով հատել են շփման գիծը, ինչը վերջին 14 ամիսներին անում են 4-րդ անգամ։ Դա հերթական անգամ ցույց է տալիս, որ այդ գիծը հարևան ժողովուրդների միջև չի հանդիսանում մշտական պատնեշ, ինչպես նաև ցույց է տալիս, որ հնարավոր է ռազմական կոորդինացիան, երբ գոյություն ունի բոլոր կողմերի կամքը։
Համանախագահները տարածաշրջան կվերադառնան նոյեմբերի վերջին՝ շարունակելու համար վերոնշյալ խնդիրների մշակման շուրջ հակամարտող կողմերի հետ իրենց աշխատանքները և հստակեցնելու իրենց հետագա քայլերը՝ նպատակ ունենալով հող նախապատրաստել հակամարտող կողմերի միջև հետագա հանդիպումների համար»։









































