Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևն անդրադարձել է Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ժամանակավոր անդամ դառնալու խնդրին.
«ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու վերաբերյալ ընտրությունների արդյունքներով Ադրբեջանը հավաքեց 113 քվե, ինչը վկայում է այն մասին, որ աշխարհի բազմաթիվ երկրներ աջակցել են նրան։ Ադրբեջանը բարձր է գնահատում այդ վստահությունը և հուսով է, որ կհավաքի բավականաչափ քվեներ՝ ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու համար։
Ադրբեջանը փորձում է ակտիվություն ցուցաբերել միջազգային հարցերում, այդ թվում՝ նաև ՄԱԿ-ի շրջանակներում։ Հուսով եմ, որ ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ դառնալով՝ Ադրբեջանն իր մեծ ներդրումը կունենա այդ հեղինակավոր միջազգային կառույցի զարգացման գործում։ Ի տարբերություն այլ երկրների՝ Ադրբեջանն առաջին անգամ է առաջադրում սեփական թեկնածությունը, և մենք հուսով ենք, որ ընտրությունների արդյունքները մեզ համար հաջող կլինեն»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած ընտրությունների 9 փուլերն ի հայտ չբերեցին Արևելյան Եվրոպան ներկայացնող Սլովենիայի ու Ադրբեջանի պայքարի հաղթողին։ ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելու համար կողմերից պահանջվում է ստանալ քվեների 2/3-ը (129 քվե)։











































