Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կրեմլում իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ զանգահարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին։
Հեռախոսազրույցի ժամանակ Մեդվեդևը Գյուլին ցավակցել է Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ ընդգծելով, որ ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, եթե դրա կարիքը զգացվի։
Աբդուլլահ Գյուլն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին Վանի երկրաշարժի հետ կապված նմանատիպ օպերատիվ ու անկեղծ արձագանքի համար։
Ապա հեռախոսազրույցին միացել է Սերժ Սարգսյանը, որը նույնպես Գյուլին ցավակցել է տեղի ունեցածի համար և բարձրաձայնել օգնություն տրամադրելու իր պատրաստակամության մասին։ Գյուլը շնորհակալություն է հայտնել նրան ցուցաբերած պատրաստակամության համար։









































