«Ես չեմ նայում, չգիտեմ էլ, թե ով կա, միայն գիտեմ, որ երգիչների, գրողների մի խումբ կա, որ պատվերով գրում են, երգում են, դրանով փող են աշխատում, իսկ ժողովրդի մի ստվար հատված ոչինչ չի հասկանում, որովհետև բովանդակությունից զուրկ են այդ երգերը, իրենց մեջ պատգամ չունեն»,- հայաստանյան շոու-բիզնեսի մասին նման կարծիք հայտնեց երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Նա նկատեց, որ շոու-բիզնեսը փող աշխատելու ձև է, ոչ թե արվեստ:
Ըստ Հախվերդյանի՝ մշակույթի նախարարությունը պետք է այնքան ուժեղ լինի, որ զբաղվի էկոլոգիային վերաբերող հարցերով, քանզի այն ևս մտնում է մշակույթի մեջ: Նրա խոսքերով՝ շրջակա աղտոտվածության խնդիրն այսօր մեծ խնդիր է, երբ մարդիկ աղբի կողքին խորոված են անում, ուտում ու աղբն ավելացնելով՝ գնում։ Սա էլ ցույց է տալիս, որ հայաստանցիները բավական հետամնաց հասարակություն են. «Հիմա ես չգիտեմ՝ մենք հինավո՞ւրց ազգ ենք, եթե կեղտոտ ապրելը մի ժողովրդին դուր է գալիս, և դրանով իշխանությունը չի զբաղվում, էլ ո՞նց կարող են խոսել Նարեկացու կամ Կոմիտասի մասին: Կոմիտաս երևի չեն էլ լսել, Նարեկացի էլ չեն կարդացել, բայց այդ անունները միայն գիտեն»:
Ռուբեն Հախվերդյանը նաև նկատեց, որ հայկական խոհանոցը ևս մեր մշակույթի մի մասն է կազմում, և ինքն այդ խոհանոցը «տանել չի կարողանում», մանավանդ խորովածը, որը ինքը վառած միս է անվանում, և չգիտես ինչու՝ հայկական հարսանիքներին անպայման հենց դա են տալիս՝ մոռանալով ոսպով կամ լոբիով ապուրի մասին. «Ես ընդամենը 4 հարսանիքի եմ եղել, մի 10 րոպե էլ չեմ դիմացել, միայն աղջկաս հարսանիքին կես ժամ նստեցի, որովհետև համատարած ոռնոց էր, տղայիս հարսանիքին դա 10 րոպե լսելուց հետո գնացի դիրեկտորի սենյակում քնելու»:
Ի դեպ` Հախվերդյանը նշեց, որ դստեր հարսանիքն իր «վրա նստել է» 1000 դոլար, որովհետև 15 տարի առաջ էր, և սրահն էլ իր ընկերն էր տվել, իսկ որդու հարսանիքը` 5000 դոլար. «Մրցույթ է, ամուսնանում եք՝ ամուսնացեք, էդքան նեղություն տալ կլինի՞: Այդ 5000-ը վզիս նստեց, ստիպված հետո 2 հատ համերգ եմ տվել: Փողը տնից պակասում է՝ պիտի համերգ տաս, էդ իմ աշխատանքն է, իմ հաճույքը չէ»:
Ըստ Հախվերդյանի՝ հայերը բոլոր բնագավառներում կորցրել են իրենց մշակույթը, և չկա մի բնագավառ, որտեղ հայը հայեցի է ապրում։










































