Հայաստանում հոկտեմբերի 12-21-ը կայացած մարդահամարի վերջնական տվյալները կհրապարակվեն 2013 թվականին: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչության պետ Կարինե Կույումջյանը:
Նրա խոսքով՝ մարդահամարն իրականացրել են 12 հազար հաշվարարներ, որոնց աշխատանքները համակարգվել են հրահանգիչ-հսկիչների կողմից: «Հոկտեմբերի 22-ից սկսվել է և մինչև հոկտեմբերի 26-ը կտևի բուն վերահսկիչ ընտրանքային շրջագայության փուլը` հաշվառման գործընթացում թույլ տված բացթողումները շտկելու համար: Այս գործընթացն անհրաժեշտ է իմանալու` կա՞ն բացթողումներ և կրկնահաշվարկներ, թե՝ ոչ: Սրան կհետևի մեր տարածած հայտարարության տեքստը, որպեսզի հաշվառում չանցած մարդիկ հնարավորություն ունենան մինչև հոկտեմբերի ավարտ հաշվառում անցնել»,- նկատեց Կույումջյանը` ընդգծելով, որ հաշվառվել են նաև հատուկ կարգավիճակում` ՔԿՀ-ներում գտնվող, օտարերկրյա պետություններում աշխատող հայաստանցի դիվանագետները: Հաշվառում իրականացվել է նաև մանկատներում, ծերանոցներում և այլն: Ժամկետային զինծառայողները հաշվառվել են իրենց տնային տնտեսություններում:
ԱՎԾ մարդահամարի վարչության պետի խոսքով՝ մարդահամարի վերջնական տվյալները կգրանցվեն Ազգային վիճակագրության ծառայությունում: «Իսկ մինչ այդ, տվյալները խմբագրման, մաքրագրման կարիք ունեն և վերջնականապես հանրությանը կներկայացվեն 2013 թվականին»,- նկատեց Կույումջյանը:
Անդրադառնալով հաշվարարների աշխատանքի վերահսկման գործառույթներին` նա նկատեց, որ հրահանգիչ-հսկիչից բացի, վերահսկվել է մեկ այլ հաշվարարի կողմից ևս: «Լինում են զանգեր, երբ մարդիկ հայտնում են, որ իրենց չեն հաշվառել: Յուրաքանչյուր հեռախոսանգի հետևից գնացվել է, հարցերին լուծումներ են տրվել: Մարզերում եղել են նաև մարդիկ, ովքեր հրաժարվել են հաշվառվել, սակայն, ի վերջո, կարողացել ենք իրականացնել նրանց հաշվառումը: Ինչ վերաբերում է մարդահամարն իրականացնող հաշվարարներին, ապա Երևանի պարագայում ժամանակավորապես աշխատանքի են վերցվել նախկինում փորձ ունեցող հաշվարարներ, շրջաններում` համայնքային ներկայացուցիչներ: Հաշվարարի աշխատավարձը մեկ ամսվա համար կազմել է 45 հազար դրամ: Նրանք աշխատելու են մինչև հոկտեմբերի վերջը, չնայած բուն հաշվառման գործընթացը տևել է տասը օր»,- նշեց Կույումջյանը:










































