Իտալիայի կինեմատոգրաֆի լեգենդ Սոֆի Լորենը շաբաթ օրը կմասնակցի Կեմերովոյի «Արենա» մարզահամալիրում կայանալիք բարեգործական համերգին` նվիրված հիվանդ երեխաներին: Համերգը տեղի կունենա «Կուզբաս` բարության տարածություն» ակցիայի շրջանակում:
Ինչպես հաղորդում է շրջանի մամլո ծառայությունը, տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ գումարը կտրամադրվի անհապաղ բուժման կարիք ունեցող երեխաների թանկարժեք վիրահատություններին, վերականգնողական փուլերին ու անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերմանը:
Համերգին ելույթ կունենան ռուսական ու համաշխարհային մեծության մեկ տասնյակից ավելի աստղեր, որոնք պարբերաբար մասնակցում են նմանատիպ միջոցառումների, այդ թվում` դերասանուհի Սոֆի Լորենը, դերասան ու ռեժիսոր Վլադիմիր Մաշկովը, երգչուհի Էդիտա Պիեխան, ակորդեոնահար Պյոտր Դրանգան, մի քանի գեղասահորդներ, բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը:
Ակցիան կազմակերպվում է Կուզբասի նահանգապետ Աման Տուլեևի նախաձեռնությամբ:










































