Ֆրանսիացի լրագրողները համացանցում գտել են տեսանյութ, որում Լիբիայի Ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ) զինվորը խոստովանում է, որ ինքն է սպանել երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, տեսանյութում ԱԱԽ 22-ամյա զինվոր Սանադ Ալ-Սադեկ Ալ-Ուրեյբին պատմում է Քադաֆիի սպանության մանրամասները:
Տեսանյութը համացանցում հայտնվել է հոկտեմբերի 21-ին: Այստեղ երիտասարդը պատմում է, որ Քադաֆին գերի ընկնելիս ողջ է եղել: «Մենք Քադաֆիին հանդիպեցինք փողոցում, նրա հետ ինչ-որ կանայք և երեխաներ կային: Նրա գլխին գլխարկ կար, բայց մենք ճանաչեցինք նրան մազերից: Ես հարվածեցի նրա դեմքին, իսկ նա ասաց. «Դու ինձ համար որդու պես ես»: Ես նրան հարվածեցի ևս մեկ անգամ, նա ասաց. «Ես քեզ համար հոր պես եմ»: Դրանից հետո ես բռնեցի նրա մազերից և տապալեցի գետնին»,- պատմում է Ալ-Ուրեյբին:
ԱԱԽ զինվորի խոսքերով` դրանից հետո իրենց միջև վեճ է սկսվել: Ալ-Ուրեյբին պատմել է, որ Միսրատայի ջոկատի զինվորները ցանկանում էին Քադաֆիին ողջ վերցնել և հասցնել Միսրատա, սակայն իրեն դուր չի եկել այդ գաղափարը և ինքը կրակել է գետնին պառկած Քադաֆիին:
«Ես նրա վրա երկու անգամ կրակեցի, մի փամփուշտը կպավ նրա թևատակին, մյուսը՝ գլխին: Նա միանգամից չմահացավ, այլ մոտավորապես մեկ ժամ հետո»,- պատմում է երիտասարդը: Դրանից հետո, նրա խոսքերով ,Միսրատայի ջոկատի զինվորները խլել են իր զենքը և վռնդել իրեն` սպառնալով, որ կսպանեն:
Ուրեյբիի պատմածը, սակայն, հակասում է Քադաֆիի սպանության ԱԱԽ ներկայացուցիչների վարկածին: Մասնավորապես՝ Լիբիայի վարչապետ Մահմուդ Ջիբրիլը երեկ հայտարարել է, որ ջամահիրիայի առաջնորդը զոհվել է իր կողմնակիցների և ԱԱԽ զինվորների միջև տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:









































