Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 կրակոց:
Ընդհանուր առմամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես հոկտեմբերի 18-ին: Հենց այդ օրը թշնամին հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 200 կրակոց, որից շուրջ 50-ը` СВД և «Սև նետ» դիպուկահարային հրացաններից:
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ բացի հրադադարի ռեժիմի խախտումից, հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը թշնամու օդային տարածքում հավաստանշել են նաև ադրբեջանական օդուժին պատկանող անօդաչու թռչող սարքերի թռիչքներ:
ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը տեղեկացնում է, որ չնայած ադրբեջանական կողմի այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն մարտական հերթապահություն իրականացրել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում:











































