TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մահվանն առնչվող հատուկ հայտարարությամբ. «Տեղի ունեցածը դառը դաս է, որը պետք է ուշադրության արժանանա տարածաշրջանում ժողովրդավարության կազմավորման բոլոր ասպեկտների տեսանկյունից։ Քադաֆիի մահը պատմական շրջադարձային կետ է, և այժմ Լիբիայում բացվում է նոր դարաշրջան։
Թուրքիան ակնկալում է, որ շուտափույթ դատարան կներկայացվեն Քադաֆիի հարազատներն ու գահընկեց արված ռեժիմի անդամները՝ Լիբիայում հետագա արյունահեղության դադարեցման համար։ Հետագա քաղաքական գործընթացը չպետք է առաջնորդվի ատելության ու վրեժի զգացումներով և ավարտվելու է համալիր մոտեցմամբ՝ ընդգրկելով հասարակության բոլոր շերտերը։ Թուրքիան, օգտագործելով իր բոլոր հնարավորությունները, շարունակելու է ամեն տիպի աջակցություն ցուցաբերել բարեկամական ու եղբայրական լիբիական ժողովրդին»։









































