Երեկ աշխատանքային օրվա վերջում ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը վերջնականապես հրաժեշտ տվեց ատոմակայանի 158 աշխատակիցներին:
Հիշեցնենք, որ նախորդ հանդիպման ժամանակ տնօրենը աշխատակիցներին փոխանցել էր, թե չեն կարող բավարարել նրանց դիմումները և աշխատավարձերը բարձրացնել, քանի որ գումար չկա, և սա է մեր հանրապետության վիճակը:
Երեկ միանգամից երկու աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել տնօրինության հետ: Առավոտյան հանդիպումից հետո ատոմակայանի աշխատակիցները մեզ պատմեցին. «Քիչ առաջ մեզ մոտ խորհրդակցություն էր՝ ողջ անձնակազմի և տնօրինության մասնակցությամբ: Ատոմակայանի ամբողջ անձնակազմն էր արդեն ոտքի կանգնել: Փաստն այն է, որ նախարարությունը մեր տնօրենին բանավոր կարգադրել է այդ 158 հոգուն ազատել աշխատանքից: Ինչը արդեն ենթադրում է կայանը չվերաթողարկել: Տնօրենն էլ, իր հերթին, չի կարող հրամանը չկատարել: Բայց հենց որ փորձեց կատարել՝ լրիվ ժողովուրդը կանգնեց ոտքի, և տնօրենը հասկացավ, որ դա 158 հոգու հարց չէ, այլ խնդիրը ողջ անձնակազմին է վերաբերում: 1800 հոգին էլ այսօր պատրաստ են դիմում գրել:
Վերջնարդյունքում, եթե 1800-ը չգրեն էլ, բայց մինչև 70 տոկոս անձնակազմը դիմում կգրի, եթե հարցը հասավ դրան»: Նրանք նաև տեղեկացրին, որ քննարկման ավարտին ընդհանուր հայտարարի չեն եկել, քանի որ անձնակազմը ունի կոնկրետ պահանջ, տնօրինությունը այսօր ընդհանրապես չի կարող ոչինչ պատասխանել, իսկ նախարարությունից առհասարակ ներկայացուցիչ չի եղել քննարկմանը, ինչը աշխատակիցներին թույլ է տալիս ենթադրել, որ նրանք թքած ունեն՝ կայանը կաշխատի՞, թե՞ չի աշխատի: «Իսկ ատոմակայան փակելը ավտոմեքենա չէ, որ հանգցնենք ու կանգնեցնենք ավտոտնակում… Հիմա ատոմակայանի ռեակտորը նոր է լիցքավորված, ու չենք կարող հիմա վերցնել ու կանգնեցնել: Դա խնամք է պահանջում, և ռեակտորը պետք է աշխատի, բայց՝ շատ դանդաղ: Այդտեղ մարդիկ են պետք, որ ռեակտորին հետևեն մոտ մեկ տարի՝ մինչև սառի»,- ավելացրին աշխատակիցները՝ խոստանալով հավելյալ տեղեկությունների դեպքում կապ հաստատել:
Ավելի ուշ դիմում ներկայացրած աշխատակիցները տեղեկացրին, որ Մեծամորի ատոմակայանի արտադրամասի պետերը պատրաստել են մի առաջարկություն, որով աստիճանաբար կբարձրացվեն ատոմակայանի աշխատողների աշխատավարձերը: Ըստ այդմ` առաջարկվում է նոյեմբերի 1-ից աշխատավարձերը բարձրացնել 30 տոկոսով, իսկ հաջորդ տարվա ապրիլի 1-ից՝ ևս 20 տոկոսով: Ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանի հետ քննարկման ժամանակ, որը տևեց մինչև աշխատանքային օրվա ավարտը, առաջարկը չի ընդունվել: «Այդ տարբերակը դրվեց մեր տնօրենի առջև, հաշվարկեցին, որ իրոք կարող են 25-30 տոկոսի կարգի տալ: Սակայն նախարարի հետ զրույցի ժամանակ նախարարը թույլ չի տվել, որ այդ գումարները տրամադրի մեզ:
Ասել է, որ 10 տոկոսից ավելի չտաք: Ավելին՝ տնօրենը ցանկանում էր դեկտեմբերի 1-ից տալ, բայց նախարարը ասել է, որ միայն մյուս տարի կարող են 10 տոկոս տալ: Արդյունքում` ներկա պահին մենք արդեն ստորագրում ենք մեր դիմումները և ազատվում ենք աշխատանքից: Միակ տարբերակը սա էր, բայց չեղավ, առարկեցին»,- մեզ հետ զրույցում տեղեկացրին դիմումի տակ ստորագրած աշխատակիցները: Մեր այն հարցին, թե մյուս 1800 աշխատակիցները միանալո՞ւ են իրենց, թե՞ ոչ` պատասխանեցին. «Մնացած բոլոր աշխատողները իրենք իրենց կամքով միացան մեզ: Բայց նրանց կողմից դիմում գրելու համար արդեն ուշ է, վաղը հնարավոր է իրենք էլ գան և իրենց դիմումները ներկայացնեն տնօրենին: Հետագայում պարզ կլինի, թե նրանք ինչ քայլերի կդիմեն»:
Զրուցեցինք նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանի հետ՝ պարզելու, թե ստեղծված իրավիճակում հնարավո՞ր է վերանայեն որոշումը, ինչին ի պատասխան՝ նա արձագանքեց. «Ներկա պահին բանակցությունները տնօրինության և աշխատակիցների միջև շարունակվում են: Երբ որոշում կայացվի, մենք ձեզ պաշտոնապես կտեղեկացնենք»: Իսկ երբ հիշեցրինք, որ անձամբ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էր ասել, որ գումար չկա. բանակցությունները այս դեպքում ի՞նչ արդյունք կարող են տալ, ավելացրեց. «Ես չեմ կարող ասել, եթե որոշում կայացվի վերանայել՝ մենք կտեղեկացնենք»:









































