Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանության օրը ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հրապարակել է իր հուշերի հերթական մասը: Ռայսը պատմել է, որ 2008թ. պատմական այցի ընթացքում Լիբիայի առաջնորդն անտարբեր չէր իր նկատմամբ:
Ինչպես հաղորդում է բրիտանական The Telegraph պարբերականը, այդ այցի նախօրեին Ռայսին զգուշացրել էին Քադաֆիի հնարավոր էքստրավագանտ վարքի մասին և խորհուրդ էին տվել ուշադրություն չդարձնել դրա վրա: Թերթը գրում է, որ Ռայսը հրաժարվել է Քադաֆիի հետ հանդիպել նրա վրանում, և արդյունքում հանդիպումը տեղի է ունեցել Բաբ Ալ Ազիզիայի նստավայրում: Սակայն Քադաֆիին դուր չի եկել «Աֆրիկյան արքայադստեր» այդ վարքը, և նա բացատրություն է պահանջել:
Ռայսի պաշտոնական այցը Լիբիա տեղի է ունեցել Ռամադանի ժամանակ, երբ մուսուլմանները պաս են պահում: Ռայսը պատմել է, որ Քադաֆին, այդուհանդերձ, իրեն ոչ պաշտոնական ընթրիքի է հրավիրել: Չնայած բազմաթիվ զգուշացումներին, Ռայսը որոշել է ընդունել հրավերը: Ընթրիքի ժամանակ Քադաֆին նրան նվիրել է իր իսկ նկարների հավաքածուն, ինչպես նաև հնչել է «Սև վարդը Սպիտակ տանը» երգը: Հրաժեշտից առաջ Քադաֆին իր հյուրին նվիրել է ադամանդե մատանի և մեդալիոն, որի վրա պատկերված է եղել իր նկարը` ստորագրված «Կանաչ գիրք» հրատարակչության կողմից: Փորձագետների կողմից նվերների ընդհանուր արժեքը կազմել է 121 հազար դոլար:









































