ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Իտալիայի Սենատի պատվիրակությանը:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իտալիայի Սենատի Եվրոպական Միության քաղաքականության հարցերով հանձնաժողովի պատվիրակությանը` հանձնաժողովի նախագահ տիկին Ռոսսանա Բոլդիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին հանձնաժողովի անդամներ, Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ալբերտինա Սոլիանին և Կրիստիանո դե Եկկերը:
Ողջունելով իտալացի սենատորներին` ԱԺ նախագահը նշել է, որ ուրախ է խորհրդարանի հարկի տակ ողջունել բարեկամ երկրի խորհդարանականներին: «Իտալիայի հետ Հայաստանը կիսում է դարավոր պատմություն, քրիստոնեական և մշակութային ընդհանուր ժառանգություն»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Նրա համոզմամբ իտալացի խորհրդարանականների այցը Հայաստան կնպաստի երկու երկրների փոխգործակցության ակտիվացմանը և միջխորհրդարանական կապերի զարգացմանը:
Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայ-իտալական գործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային բնագավառներում ունի զարգացման լավ հեռանկարներ: Երկկողմ քաղաքական երկխոսության խթանման տեսանկյունից ԱԺ նախագահը կարևորել է հայ-իտալական բարձրաստիճան փոխայցելությունները: Նրա խոսքով ` հայ-իտալական միջխորհրդարանական կապերն ավելի արդյունավետ զարգացնելու առումով անհրաժեշտ է օգտագործել համագործակցության հնարավոր բոլոր ձևաչափերը: Երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերություններն էլ ավելի սերտացնելու նպատակով Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել պարբերական դարձնել նման այցելությունները, ինչը կնպաստի տեղեկատվության փոխանակմանը, միասնական հետաքրքրություն ներկայացնող թեմաների քննարկմանը և տարբեր խորհրդարանական վեհաժողովներում միասնական դիրքորոշման ձևավորմանը: Օգտվելով առիթից` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է հյուրերին Իտալիայի միավորման 150 ամյակի կապակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Իտալիայի Սենատի Եվրոպական Միության քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոսսանա Բոլդին նշել է, որ նման այցերը խթանում են հայ-իտալական փոխգործակցությունը և նպաստում միջխորհրդարանական կապերի զարգացմանը: «Ես առաջին անգամ եմ այցելում Հայաստան, բայց վստահ եմ, որ նորից եմ գալու»,- ասել է սենատորը: Նա իրենց այցը կարևորել է նաև Հայաստանի Եվրոպային ինտեգրվելու համատեքստում, մասնավորապես «Նոր հարևանության քաղաքականության» և «Արևելյան գործընկերության» շրջանակներում:
Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, սենատորներ Ալբերտինա Սոլիանին և Կրիստիանո դե Եկկերը նույնպես կարևորել են միջխորհրդարանական փոխայցելությունները, բարեկամության խմբերի փոխգործակցությունը, ինչպես նաև հարաբերությունների ակտիվացումը տնտեսական, մշակութային, գիտակրթական բնագավառներում: Նրանք շնորհավորել են ՀՀ անկախության 20-ամյակը և նշել, որ այս ժամանակահատվածում Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել:
Հանդիպման վերջում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տիկին Բոլդիին խնդրել է Սենատի նախագահին փոխանցել պաշտոնական այցով Հայաստան այցելելու իր հրավերը:










































