2011թ. հունիսի 1-ից Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) և ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել են «Բջջային կարճ հաղորդագրությունների տեղեկատվական թեժ գիծ՚» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է անդրադառնալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգաբնակչության իրազեկվածության խնդրին, արձագանքել հարցերին և նվազեցնել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկատվության տարածումը, խարանն ու խտրականությունը:
Ծրագրի շնորհիվ Orange և VivaCell-MTS բջջային կապի օպերատորների բոլոր բաժանորդները հնարավորություն կունենան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին առնչվող իրենց հուզող հարցն անանուն ուղղել տրամադրված 6428 կարճ համարին (1 SMS-ի արժեքն է 0 դրամ) և 24 ժամվա ընթացքում ստանալ ճշգրիտ ու հակիրճ պատասխան:
ՀՀ ՁԻԱՀ-ի Կանխարգելման ազգային կենտրոնի պատրաստած ՀԿԽԸ երիտասարդ կամավորների ուժերով կսահմանվի շուրջօրյա ծառայություն` հարցերին ինտերֆեյս ծրագրի միջոցով արագ արձագանքելու, հատուկ ստեղծված կայքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին հավելյալ տեղեկություններ տրամադրելու ինչպես նաև համապատասխան ինտերնետային կայքերին հղումներ կատարելու նպատակով:
ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 747 մարդ (71,8%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 293 դեպք (28,2%): ՄԻԱՎ վարակի 22 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ:
ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 57,6%-ը 25-39 տարիքային խմբում է: Ըստ ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի հարցերով համակարգող միջազգային կազմակերպության 2010թ. ՁԻԱՀ-ի Գլոբալ Համաճարակի Հաշվետվության` Հայաստանը աշխարհի 7 երկրների շարքում է, որտեղ արձանագրվել է ՄԻԱՎ վարակի տարածման ամենաբարձր տեմպը (25%):
Բջջային կարճ հաղորդագրությունների տեղեկատվական թեժ գծի մասին հանրությանը տեղեկացնելու նպատակով նախատեսվում է ծրագրի ամբողջ ընթացքում իրականացնել ազգային տեղեկատվական քարոզարշավ` թռուցիկների և պաստառների տարածում, տեղեկատվություն սոցիալական ցանցերում, հայտարարություններ ռադիոյով և հեռուստատեսությամբ:
Ծրագիրն իրականացվում է VivaCell-MTS և Orange բջջային կապի օպերատորների հետ համագործակցությամբ:







































