Թռչկանի ջրվեժի ապագայով մտահոգված մի խումբ բնապահպաններ ու «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության մի շարք անդամներ «Առաջին լրատվականին» տեղեկացնում են, որ վաղը` հոկտեմբերի 22-ին`ժ. 8:30-ին այցելություն են կազմակերպելու Չիչխան ջրվեժի վրա գտնվող Թռչկանի ջրվեժ:
«Սիրելի՛ ընկերներ, բարեկամներ, ՀՀ քաղաքացիներ, ձեզնից շատերն արդեն լսել են Թռչկանի ջրվեժի հիմնախնդրի մասին: Վտանգված է ՀՀ ամենաբարձր ու ամենաջրառատ ջրվեժը: Ջրվեժի տարածքում հենց այս պահին էլ որոճում են մի քանի վնասատու կենդանիներ`տրակտորներ, բեռնատարներ:
Բնավիրման նախարարությունը կարծես ականջի հետև է գցել այս հիմնախնդրի կարգավորումը: Այս պարագայում «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությունը շարունակում է բարձրաձայնել ջրվեժին սպառնացող վտանգի մասին և կոնկրետ քայլեր ձեռնարկում ՀԷԿ-ի կառուցումը կանխարգելելու ուղղությամբ»,- հայտարարում են նախաձեռնության անդամները:
Այցելության նպատակն է տեղում ծանոթանալ շինարարության ներկայիս ընթացքին, զրուցել շինարարների և բանվորների հետ՝ հորդորելով նրանց զերծ մնալ բնության հուշարձանին վնաս հասցվող աշխատանք կատարելուց, հանդիպել Նալբանդ, Շիրակամուտ և Մեծ Պարնի գյուղերի բնակիչների հետ՝ լսելու նրանց կարծիքը, ինչպես նաև ևս մեկ անգամ տեսնել և հիանալ բնության այս հիասքանչ կոթողով:
Բնապահպանները ջրվեժի մերձակայքում կկատարեն ծառատունկ, կկատարվի նաև շինարարական փոսի խորհրդանշական լցոնում: Նախատեսվում է նաև մշակութային ծրագիր:
Ակցիային մասնակցելու է Գյումրիի «Օրհուս» կենտրոնը, բազմաթիվ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ:











































