Այսօր կայացած ասուլիսի ժամանակ լրագրողները ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարից հետաքրքրվեցին, թե ինչպես են պատրաստվում մեծ համաժողով կազմակերպել Հայաստանում, երբ Հայաստան-Մակեդոնիա խաղի ժամանակ շատ ցանկացողներ չեն կարողացել գալ Հայաստան ենթակառուցվածքների բացակայության պատճառով, նույնը վերաբերում էր նաև իրանցիների հոսքի համար բացակա ենթակառուցվածքներին: Ի պատասխան՝ փոխնախարարը նկատեց. «Չեմ կարծում, որ լուրջ պրոբլեմներ են եղել: Հայաստանը շատ ավելի մեծ և միմյանց հետ համընկնող միջոցառումներ է կազմակերպել: Այլ հարց է, որ հնարավոր է խնդիրներ են եղել ճիշտ կազմակերպելու հետ կապված»:
Փոխնախարարը նաև նշեց, որ Հայաստանում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները գրավիչ են, և բոլոր պետական ու շատ այլ միջոցառումներ անցկացվում են հենց այդ ամիսներին: Պետրոսյանի խոսքերով՝ համաժողովն էլ են աշնան հենց այդ ամիսներին կազմակերպելու, և, հետևաբար, պետք է ժամկետները ճիշտ ընտրեն՝ այնպես չլինի, որ այլ կարևոր ու մեծ միջոցառումների հետ համընկնեն։
Ինչ վերաբերում է իրանցի զբոսաշրջիկների խնդրին, փոխնախարարը նշեց, որ իրանցիները կեցության որևէ խնդիր Հայաստանում չունեն. «Նրանց 90 տոկոսն ապրում է մասնավոր տներում: Այսօր Հայաստանում մասնավոր կացության վայրերի շատ մեծ ցանց կա»:
Հարցին, թե ինչու են Հայաստան գալիս միայն տարեց զբոսաշրջիկներ, իսկ Վրաստանում հիմնականում երիտասարդներ են, փոխնախարարը պատասխանեց, որ Հայաստան գալիս են ինտելեկտուալ պահանջմունքի բավարարման համար, իսկ դրա համար որոշակի տարիք է պետք. «Հայաստան եկածների շուրջ 80 տոկոսը շատ լավ տեղյակ են Հայաստանի պատմությունից և մշակույթից, և գալիս են իրենց գիտելիքները տեղում սպառելու համար»:
Նա նաև նկատեց, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների շուրջ 25 տոկոսը գնում է նաև Վրաստան և հնարավոր չէ, որ մեծ տարբերություն լինի այստեղ և Վրաստանում հանդիպող տուրիստների միջև:
Հարցին, թե արդյոք խնդիր չէ՞ այն, որ հայերը չեն հանգստանում Հայաստանում, որովհետև Հայաստանում նման ծառայությունների գները մատչելի չեն, Արա Պետրոսյանը պատասխանեց, որ հաճախ փորձ է արվում իրար հետ համեմատել բաներ, որոնք իրար նման չեն: Ըստ փոխնախարարի՝ եթե համեմատենք մեզ մոտ առկա հյուրանոցները և հյուրատները այլ երկրի նմանատիպ հյուրանոցների ու հյուրատների հետ, ապա Հայաստանում էլ կարելի է գտնել բավական մատչելի հյուրանոցներ. «Եթե մենք Սևանի ափի Հարսնաքար հյուրանոցը փորձում ենք համեմատել Բաթումի ինչ-որ մի շարքային հյուրատան հետ, ապա, բնականաբար, Հարսնաքարի արժեքը պետք է լինի ավելի բարձր: Ես չեմ կարծում, որ էժանները չկան Հայաստանում»:










































