«ՀԺ»-ն գրում է, որ երեկ տեղի Է ունեցել ՀԱԷԿ-ի տնօրինության և ազատման դիմում գրած 158 աշխատակիցների հանդիպումը, որի վերջում, թերթի տեղեկություններով, ՀԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետ Մովսես Վարդանյանը սկսել է սպառնալ դիմումատուներին:
«ՀԱԷԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը ևս մասնակցել է հանդիպմանը: Նա փորձել է աշխատակիցներին համոզել, որ նրանք փոխեն իրենց մոտեցումը և առանց աշխատավարձի բարձրացման շարունակեն աշխատել: Երբ ակնհայտ է եղել, որ աշխատավարձի բարձրացում պահանջող դիմումատուները իրենց կարծիքը չեն փոխում, գլխավոր ճարտարագետը նրանց սպառնացել է, որ եթե հետ չվերցնեն իրենց դիմումները, ապա նրանց հարազատները ևս աշխատանքից կազատվեն: Սակայն, միևնույն է, դիմումատուները որոշել են, որ իրենց պահանջներից չեն հրաժարվի»,- գրում է թերթը և հավելում.
«Ենթադրվում է, որ այսօր նրանք կհանձնեն իրենց անցագրերը ու կդադարեն ՀԱԷԿ աշխատակից լինել»:










































