Արմենպրեսի թղթակցի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի արտահայտած կարծիքը Տավուշում տեղի ունեցած սողանքի հետևանքների վերացման արդյունավետության մասին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը պատասխանել է.
-Ես չեմ հավատում, որ Վրաստանի նախագահը նման բան ասած լինի: Ըստ երևույթին, լրագրողներն են նախագահի խոսքն աղավաղել: Ինքներդ էլ լավ գիտեք, որ Վրաստանը մեզ հարևան ու բարեկամ երկիր է, իսկ Վրաստանի նախագահը շատ լավ տեղեկացված է վտանգներին հակազդելու մեր կարողությունների ու հնարավորությունների մասին:
Ինչ վերաբերում է մեր իրականացրած որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությանը, ապա կցանկանայի, որ բոլորն էլ հասկանան, որ իր չափերով սա աննախադեպ սողանք էր, և միջազգային փորձագետներն էլ վկայում են, որ ակտիվ գործող սողանքի և առատ տեղումների պայմաններում ընդհանրապես արգելվում է ծանր տեխնիկայի մուտքը սողանքի մարմին: Այդ իմաստով աննախադեպ էր փրկարարական ստորաբաժանումների մուտքն ակտիվ սողանքային գոտի:
Մենք նախ գնահատեցինք իրավիճակը և ձեռնարկելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները` պարանային փոխօգնություն ապահովելուց հետո, սկսեցինք որոնողափրկարարական աշխատանքները: Առաջին երեք օրն աշխատանքները կատարվեցին բահերի, քլունգների, պարանների կիրառմամբ, ձեռքի աշխատանքի միջոցով` օգտագործելով փնտրող շներ և որոնողական հատուկ տեխնիկա: Հենց առաջին իսկ ժամերից դեպքի վայրին էր մոտեցել ծանր տեխնիկան, սակայն, ինչպես նշեցի, այն միայն հետագայում օգտագործվեց ամբողջ ծավալով:
Բոլոր աշխատանքներն իրականացվեցին հաշվի առնելով փորձագետների, ինժեներների, սեյսմաբանների և երկրաբանների ուսումնասիրություններն ու եզրակացությունները: Փաստորեն ԱԻՆ-ի հետ միասին աշխատեց հանրապետության նախարարություն-գերատեսչությունների միասնական թիմը և նաև միջազգային փորձագետների կարծիքով` այդ թիմը գործեց օպերատիվ ու պրոֆեսիոնալ:







































