Հունվարի 19-ին Հատուկ քննչական ծառայության մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրել է, որ նախաքննական մարմինը փաստաթուղթ կհրապարակի 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների գործի քննության վերաբերյալ, որը հնարավոր է լինի մինչև տարեվերջ: Առիթը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հոկտեմբերի 5-ի լիագումար նիստում ընդունված 1837 բանաձևն է, որտեղ Վեհաժողովն իր մտահոգությունն է արտահայտել «2008-ի մարտիմեկյան իրադարձություններում 10 հոգու մահվան հանգամանքների քննության գործընթացում արդյունքների բացակայության առնչությամբ» և ամրագրել, որ «10 հոգու մահվան համար անհատական պատասխանատվության հարցը լուծելու հնարավորություն չունենալու պարագայում պատճառները պետք է լիարժեքորեն բացատրվեն քննչական մարմնի զեկույցում»:
Ի պատասխան դրան` Վ. Հարությունյանը նշել է, որ զեկույցը քաղաքական մարմնի անելիքն է, իսկ «Նախաքննական մարմինը կարող է ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքի, ընթացքի, պատճառների և այլնի մասին, որը պարբերաբար արվել է… այնտեղ նոր բան` որպես այդպիսին չի էլ կարող լինել»: Նա նաև հավելել է, որ քրգործի նախաքննությունը որևէ զեկույցի` փաստաթղթի հրապարակմամբ չի կարող դադարել, կասեցվել կամ ավարտվել. «Այս գործը կմնա այնքան, մինչև ոչ միայն սպանությունների հանգամանքների, այլ առհասարակ այդ օրերին տեղի ունեցած բոլոր հանցագործությունների դեպքերի բացահայտումը»:
Մարտիմեկյան իրադարձությունների բացահայտման նախկին փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանն էլ, նույն ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ ԵԽԽՎ-ն այդ փաստաթղթով Հայաստանի իշխանություններին «ազատ շնչելու» հնարավորություն է տվել, ինչը ամենահրեշավոր աջակցությունն էր եվրակառույցների կողմից մարտիմեկյան սաբոտաժին, որն իրականցվում է Հայաստանում. այսինքն եվրոկառույցն արդեն պատրաստ է ընդունել ցանկացած փաստաթուղթ, ցանկացած հիմնավորմամբ, ավելին` ընդունել փաստաթուղթ, որի մեջ ոչինչ գրված չէ, դատարկ թուղթ: Անդրանիկ Քոչարյանը եկել է հետևյալ եզրահանգման. «Չգիտեմ` արդյունքում ո՞վ, ի՞նչ շահեց, բայց Հայաստանն ու ժողովուրդը պարտվեցին»: Նրա խոսքով` հանրությանն այսօր այլ ելք չի մնում, քան Ազատության հրապարակում հանրային դատ իրականացնելն ու վկաներին հրապարակավ հարցաքննելն ու վճիռներ կայացնելը, որոնց արդյունքում հնչեցված մեղադրականները և դատավճիռները պետք է զեկույցի ձևով ուղարկվեն եվրակառույցներին, թող մտածեն, թե ինչ հրեշավոր գործընթացի մեջ ներքաշվեցին:









































