Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման առաջնորդ Խալեդ Մաշաալը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին՝ սկսած գործն ավարտին հասցնել և եզրափակել «ՀԱՄԱՍ» և «ՖԱԹՀ» կազմակերպությունների միջև 5 ամիս առաջ սկսված հաշտության գործընթացը:
Ինչպես հաղորդում է պաղեստինյան Maan լրատվական գործակալությունը, ելույթ ունենալով Կահիրեում պաղեստինցի բանտարկյալներին դիմավորելու արարողության ժամանակ, Մաշաալն ասել է, որ Աբբասը պետք է հանդիպի իրենց հետ Եգիպտոսի մայրաքաղաքում և «աչքի անցկացնի Իսրայելի հետ բանակցությունների քաղաքականությունը»:
Այս կոչը հնչել է այն բանից հետո, երբ «ՀԱՄԱՍ»-ին հաջողվեց իսրայելցի մեկ զինվորի փոխարեն ազատել 1027 պաղեստինցի բանտարկյալների: Այս ֆոնին «ՀԱՄԱՍ»-ը կոչ է արել Աբբասին՝ հետևել «բանակցությունների իր մոդելին»` հայտարարելով, որ «նա, ով բանակցությունների է գնում առանց ուժեղ խաղաքարտերի, հազիվ թե հաջողություն ունենա դրանցում»:








































