Նոյեմբերի 6- 8-ը տեղի կունենա «Ազգ, պետություն, հայրենիք. պետականության գաղափարը» թեմայով երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովը` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն էդգար Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ պարտադիր չէ՝ գիտաժողովի մասնակիցների զեկույցները նվիրված լինեն ՀՀ-ին կամ ՀՀ պատմությանը:
«Գիտե՛ք, վերջին շրջանում տարբեր միջազգային գիտաժողովներում, հանդեսներում կարծիք հնչեց, որ տեխնիկական գիտությունների մասնագետներն ավելի շատ են հանդես գալիս, քան հումանիտար գիտությանը»,-նկատեց էդգար Հովհաննիսյանը և ավելացրեց, որ այդ իսկ պատճառով որոշվել է գիտաժողովի հիմնական շեշտը դնել հումանիտար ուղղության վրա, ինչը սփյուռքի և օտարերկրացիների հետ փորձի փոխանակման և կապերի հաստատման հնարավորություն կտա: Իհարկե, հետագայում ֆորմատը ավելի կմեծացվի:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նկատեց, որ հիմնադրամը կոչված է հնարավորինս աջակցել երիտասրդներին, երիտասարդական ծրագրերին և կազմակերպություններին: Նա ներկայացրեց հիմնադրամի նախորդ տարվա հաշվետվությունը, ինչպես նաև ասաց, որ այս տարի հիմնադրամը շուրջ իննսուն ծրագիր է ֆինանսավորել, որոնք վերաբերում են կրթությանը, գիտությանը, առողջ ապրելակերպին, սոցիալ-տնտեսական և այլ թեմաների:
Նախաձեռնող խմբի անդամ, պատմաբան Խաչիկ Ստեփանյանն ավելացրեց, որ գիտաժողովին մասնակցելու համար հայտ են ներկայացրել` ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից , Բուլղարիայից, Մոլդովայից, Իտալիայից, ԼՂ-ից: Գիտաժողովի մասնակիցների թիվը 27-28 է, որոնցից տասներկուսն արտերկրից են:










































