Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի` Բեթմենի մասին պատմող «Սև ասպետի վերածնունդը» ֆիլմի երրորդ և վերջին մասում կցուցադրվի «Գրավեք Ուոլ Սթրիթը» բողոքի ակցիան: Ինչպես հաղորդում է The Los Angeles Time թերթը, վկայակոչելով Warner Bros ստուդիային մոտ աղբյուրներին, նկարահանող խումբը Նյու Յորք կժամանի հոկտեմբերի 29-ին և քաղաքում կանցկացնի 2 շաբաթ: Քասթինգի գործակալները հայտնել են, որ փնտրում են դերասաններ «զինվորական և (կամ) ոստիկանական կրթությամբ կամ աշխատանքային փորձով, որ տիրապետում են զենքին և (կամ) մարտարվեստների»:
Դերասաններին զգուշացրել են, որ նկարահանումները, հնարավոր է, իրականացվեն ցուցարարների զբաղեցրած շրջաններում: Պաշտոնապես բոլոր այս մանրամասները չեն հաղորդվում, քանի որ այդպիսի մասշտաբի բլոքբաստերների սյուժետային մանրամասները և նկարահանումների վայրը խիստ գաղտնի են պահվում:
The Los Angeles Times-ի աղբյուրը ենթադրում է, որ «Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիան չի ընդգրկվի սցենարում: Այն պարզապես կդառնա ֆոն իրադարձությունների համար:
«Գրավեք Ուոլ Սթրիթը» բողոքի ակցիան սկսվել է Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին, այնուհետև տարածվել է ԱՄՆ և աշխարհի այլ քաղաքներում: Ցուցարարները բողոքում են ֆինանսական ինստիտուտների չարաշահումների դեմ:











































