Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում 19-ամյա մի աղջիկ քթի պլաստիկ վիրահատությունից հետո «նարկոզից» ընդամենը մի քանի վայրկյան է դուրս եկել, այնուհետև ցնցումների մեջ է ընկել և այդ վիճակում է արդեն 11 օր:
«Վիրահատությունն անցել է նորմալ, սակայն երբ բժիշկները փորձել են աղջկան «նարկոզից» դուրս բերել, նա ընդամենը մի քանի րոպե է ուշքի եկել, այնուհետև անհասկանալի ձևով ընկել է ցնցման մեջ ու տարօրինակ շարժումներ արե»լ:
«ժողովուրդ»-ը եղել է «էրեբունի» բժշկական կենտրոնում, որի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում Սաթենիկը՝ անգիտակից վիճակում, հանգստացնող դեղերի ազդեցության տակ:
«Մեր այցելության պահին միայն Սաթենիկի մորաքույրն էր հիվանդանոցում, չնայած որ այդ դեպքն իր բացառիկությամբ այնքան հայտնի էր, որ հիվանդանոցում բոլորն էլ քաջատեղյակ էին աղջկա հետ կատարվածից, և մեզ տեղեկացրին, որ արդեն քանի օր Է՝ Սաթենիկի հարազատները չեն հեռանում հիվանդանոցից:
Մեր երկար պնդումներից հետո, ի վերջո, կարողացանք զրուցել մորաքրոջ հետ: Վերջինս ասաց, որ ոչ մի բանից տեղյակ չեն, չգիտեն, թե ինչ է կատարվել իրականում: Նրա խոսքերով՝ իրենց երեխան առողջ է եղել, իրեն վիրահատությունից առաջ լուրջ ստուգել են, և ինքը որևէ խնդիր չի ունեցել:
«ժողովուրդ»-ը զրուցել է «էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանի հետ, վերջինս ասել է, որ Սաթենիկն այժմ գտնվում է արհեստական շնչառության տակ. «Սրտի աշխատանքը նորմայի սահմաններում է, ուղղակի երբ հանգստացնող դեղորայքային ազդեցությունից դուրս է գալիս, գրգռված է լինում, դրա համար մենք դեռ իրեն պահում ենք այդ հանգստացնող դեղերի տակ, վիրահատությունից հետո ինքն արթնացել է, բայց 20 րոպե հետո կտրուկ ցնցումային նոպա է սկսվել, որի հիման վրա իրեն նորից են քնեցրել: Իսկ թե դա ինչից է առաջացել, այս պահին ոչ ոք չի կարող ասել»:











































