Հոկտեմբերի 23-25-ը Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնելու է Ռուսաստան:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում խոսելով այս այցի հավանական նպատակների մասին՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նկատեց, որ այցի ընթացքում, ընդհանուր առմամբ, կքննարկվեն տարածաշրջանային գործընթացները:
Կարապետյանը նշեց, որ ներքաղաքական զարգացումների վրա այդքան էլ չեն կենտրոնանա. «Ընդամենը ի մի կբերեն մի բան, որ Ռուսաստանում Սերժ Սարգսյանին շատ լավ ընդունում են և դրա մասին ավելի շատ պետք է մտածի Ռոբերտ Քոչարյանը: Այցը PR նպատակով կօգտագործվի, ինչքան ես եմ լսել՝ մեդալներ կփոխանակեն, և PR առումով հարված կլինի Ռոբերտ Քոչարյանի համար»:
Կարապետյանի կարծիքով՝ ներքաղաքական այլ հարցերին անդրադարձ չի լինի, որովհետև թե՛ Հայաստանի ներքաղաքական գործընթացները, թե՛ Ռուսաստանում սպասվելիք ընտրությունները, թե՛ աշխարհաքաղաքական գործընթացները այնքան արագ են ընթանում, որ այցից ընդամենը մեկ շաբաթ հետո կարող է նոր իրավիճակ ստեղծվել:












































