Հրազդան քաղաքի բնակիչ Զվարթ Կիրակոսյանը ՊՆ-ից պահանջում է թույլ տան որդուն`Սուրեն Կիրակոսյանին, բուժել: Նրա երկու որդիները մի քանի ամիսների տարբերությամբ զորակոչվել են Սիսիանի զորամասերից մեկում ծառայության:
Ավագ որդին`Սմբատ Կիրակոսյանը, զորակոչվել է 2008 թվականի դեկտեմբերի 30-ին: 2009 թվականի մայիսին սպայի և զինվորի միջև միջադեպ է գրանցվել, որի արդյունքում 10 ամիս Սմբատ Կիրակոսյանն անցկացրել է Շուշիի բանտում: Իսկ վիճաբանությունը զինվորի և երկու սպաների`Ավանեսյան Սեյրանի և Դարյանի միջև է ծագել. Դարյան ազգանունով սպան զինվորին կանչել է և ասել, թե սա էլիտար զորամաս է և այստեղ ծառայելու համար պետք է զինվորը 1000 դոլար բերի: Զրույցի ընթացքում վիճաբանություն է առաջացել, Սմբատ Կիրակոսյանը դուրս է եկել սպայի առանձնասենյակից հայհոյելով: Սեյրան Ավանեսյանն էլ զինվորի հետևից եկել է ճաշարան, օձիքից բռնել և հարցրել, թե ում էր վերաբերում հայհոյանքը. «Իմ տղան էլ խփել է, ասացին, որ իբր սպայի քիթն է ջարդվել, բայց իրականում չէր ջարդվել: Մի խոսքով, տասը ամիս Շուշվա բերդում պահելով տանջել են որդուս»,- պատմեց տիկին Զվարթը`հավելելով, որ Սեյրան Ավանեսյանին թեև սկզբում աշխատանքից հեռացրել էին, բայց հիմա նորից պաշտոն են տվել:
2009 թվականի հունիսի 30-ին Սիսիանի նույն զորամաս ծառայության է զորակոչվում Սմբատ Կիրակոսյանի եղբայրը` Սուրեն Կիրակոսյանը: Մայրը պատմեց, որ տղան ի սկզբանե կցված է եղել բուժկետին, բայց վիճակը փոխանակ լավանալու, ավելի է վատացել: Արդյունքում բուժվելու նպատակով Սուրեն Կիրակոսյանը լքել է զորամասը, եկել է տուն (2009-ի հուլիսի 24-ին):
Զվարթ Կիրակոսյանը թվեց որդու հիվանդությունները`երիկամի բորբոքում, ասկարիտ, պրկված նյարդային վիճակ, ստամոքսի գաստրիտ, գլխի հեմատոմաներ և այլն: «Սկզբում դիմել ենք Պաշտպանության նախարարությանը՝ երեխային հետազոտություն անելու նպատակով, երեք անգամ պաշտպանության նախարարը Սիսիանի զորամասից բերել է հոսպիտալ, բայց խնդրել եմ, որ ինձ տրամադրեն հետազոտությունների արդյունքները, սակայն ասել են, որ գաղտնիք է, և չեն տվել»,- ասաց Զվարթ Կիրակոսյանը: Հիմա մայրը որդու բուժումն իր ձեռքն է վերցրել և Պաշտպանության նախարարությունից պահանջում է չխոչընդոտել տղայի բուժմանը. «Հիվանդ զինվորը չի կարող պաշտպանել մեզ, ինքը՝ հենց ինքը, պաշտպանության կարիք ունի»:
Մայրը նաև պատմեց, որ թեև ի սկզբանե տղան պիտանի է եղել ոչ շարային ծառայության համար, բայց զինգրքույկում շարային է գրվել, այդ ընթացքում մայրը պաշտպանության նախարարին խնդրել է շարային ծառայություն չպահանջել, քանի որ Սուրեն Կիրակոսյանը կրծքի, թևի, ուսի շրջանում պիգմենտային խալեր ունի, սակայն 6-7 ամիսների ընթացքում շարային ծառայության ժամանակ ուսի խալը մեծացել է զենքի և ծանր իրերի հետ շփման արդյունքում:
Հիմա Զվարթ Կիրակոսյանը հավատացած է, որ զինվորի կյանքը իշխանությունների համար արժեք չունի, ծայրաստիճան անտարբերություն է, դրա համար էլ սպաներն այսօր շարունակում են բանակում նվաստացնել զինվորին. «Եթե ուսին աստղ ունեն, կարող են մայր հայհոյել, նվաստացնել, նույնիսկ ճաշարանում ռազբորկա անել»,- ասաց Զվարթ Կիրակոսյանը` ավելացնելով, որ հիմա իր համար շատ ավելի դժվար է, քանի որ մի տղայիս զորակոչել են պիտանի, ոչ պիտանի վերադարձրել են, հիմա էլ երկրորդը. «Կարծում եմ` այսքանը մեկ մարդու համար շատ-շատ է»,- ավելացրեց զինվորի մայրը:









































