2012 թ. ՀՀ գործարարներին նոր հարկային փոփոխություններ են սպասվում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, փաթեթը մինչև այս ամսվա վերջը կհաստատվի կառավարությունում և պաշտոնապես կուղարկվի Աժ:
«Այնտեղ կա թե՛ հարկային բեռի մեծացում, և թե՛ ստվերի դեմ պայքարի արդյունքում արդյունավետության բարձրացում ու եկամուտների ավելացում»,- ասաց Վ. Գաբրիելյանը՝ հավելելով, որ, օրինակ, միշտ հարց էր դրվում, որ ակցիզներից քիչ է հարկ հավաքվում, և եկամուտն ընկնում է: Ըստ նրա` ակցիզների դրույքաչափերի վերանայումը չի նշանակում նոր հարկադրույքների ավելացում, այլ՝ ճշգրտում է տնտեսական իրականության հետ:
ՀԲ Աղքատության կրճատման և տնտեսական կառավարման (ԱԿՏԿ) ստորաբաժանման ոլորտային տնօրեն Իվոն Ցիկատան «բավականին լավ» գնահատեց երկրի կատարողականը է, նշելով, որ ՀՆԱ աճը եղել է 4 %, բարելավվել են տնտեսությանը տրամադրվող վարկերը: Ի. Ցիկատան հրաժարվեց կանխատեսում անել, թե տարին ինչ արդյունքներով կփակի ՀՀ-ն, նշելով, որ պետք է աշխատել դեֆիցիտի կրճատման և եկամտային մասի վրա շեշտադրում անելով:
Անդրադառնալով համաշխարհային ճգնաժամի երկրորդ հնարավոր ալիքին՝ Ի. Ցիկատան կարծիք հայտնեց, որ եվրոգոտու խնդիրները Հայաստանի վրա ազդեցություն չեն ունենա: Ըստ նրա, ՀՀ հանքարդյունաբերության արտադրանքը հիմնականում իրացվում է ՌԴ-ում, իսկ Եվրոպայից դեպի ՀՀ զբոսաշրջիկների հիմնական հոսքը Ֆրանսիայից է, և Հայաստանն առևտրի տեսակետից առանձնապես խնդիր չունի Հունաստանի հետ: ՀԲ ներկայացուցչի համաձայն` ՀՀ բանկային ոլորտը սերտ կապեր չունի Հունաստանի և Իտալիայի հետ, և այս ոլորտում ևս խնդիրներ չեն կարող լինել: Այնուամենայնիվ, եթե ճգնաժամը տարածվի, Հայաստանը չի կարողանա խուսափել դրա երկրորդային ազդեցությունից:










































