Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում տեղի են ունեցել մի շարք կոնֆերանսներ՝ նվիրված Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին։
Դրանցից մեկում ելույթ է ունեցել ամերիկացի հայտնի քաղաքագետ, Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ու ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին վերլուծաբան Փոլ Գոբլը, որը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանն աշխարհաքաղաքական դիրքի, էներգետիկ պաշարների և Իրանին մոտ գտնվելու տեսանկյունից կարևոր է Արևմուտքի համար.
«Ադրբեջանը մեծ հաջողություններ է արձանագրել ոչ միայն նավթային և տնտեսական ոլորտներում, այլև քաղաքական ոլորտում։ Այդ մասին է վկայում նաև ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու Ադրբեջանի ներկայացրած հայտը։ Այդ հարցում նրան պատրաստ են աջակցել ոչ միայն Թուրքիան և մուսուլմանական երկրները, այլև Լատինական Ամերիկայի երկրները։ Այս ամենը խոսում է նրա քաղաքական հաջողության մասին։
Ադրբեջանը բազմաթիվ ցուցանիշներով ավելի մեծ շանսեր ունի՝ համարվելու այդ տարածաշրջանի առաջնորդը»։
Հիշեցնենք, որ 1990-ական թվականներին Գոբլն առաջ էր քաշել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երկու տարբերակներ, որոնք ստացել էին «Գոբլ-1» և «Գոբլ-2» անունները։ Առաջին տարբերակը 1992 թվականի հունվարին ստացել է Ջորջ Բուշ ավագի վարչակազմի աջակցությունը: «Գոբլ-2»-ը ի հայտ է եկել 1996 թվականին:
Դրանցից առաջինի համաձայն՝ Ադրբեջանը ճանաչում էր ԼՂՀ-ի և Լաչինի անկախությունը, փոխարենը ստանում Մեղրիով կապ Նախիջևանի հետ՝ Հայաստանին ու Իրանին զրկելով ընդհանուր սահման ունենալուց։ Սակայն ավելի ուշ գիտակցելով Հայաստանի համար Իրանի հետ սահման ունենալու կարևորությունը՝ Գոբլը ներկայացնում է իր երկրորդ տարբերակը՝ «Գոբլ-2»-ը, որն առաջարկում էր Մեղրիի շրջանը (Հայաստանի հարավային հատվածը) փոխանակել Նախիջևանի ինքնավարության հանրապետության (ՆԻՀ) արևմտյան հատվածի հետ, որտեղ այն մոտ 10 կիլոմետրանոց սահման ունի Թուրքիայի հետ:
ԼՂՀ-ն Լաչինի միջանցքի հետ մեկտեղ դառնում էր Հայաստանի մաս կամ էլ անկախություն էր ստանում, հայ-թուրքական սահմանը բացվում էր ողջ երկայնքով, կարգավորվում էր ՆԻՀ-ի ոչ անկլավային գոյությունը։ Հայաստանի և Իրանի սահմանը պահպանվում էր, բայց տեղափոխվում էր մի քիչ հյուսիս, ինչը կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ուներ, քանի որ դրանով վերանում էր ՆԻՀ-ի (Ադրբեջանի) և Թուրքիայի կապը։









































