Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներից մեկում, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Դժբախտաբար, մեր անկախության առաջին տարիներին թույլ են տրվել մի շարք սխալներ, այդ թվում՝ նաև դավաճանություն, որի արդյունքում մեր հողերը հայտնվել են «օկուպացման» տակ։ Այժմ մենք փորձում ենք հասնել այդ «անարդարության» վերացմանը, վերականգնել մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Սակայն բանակցությունները որևէ արդյունք չտվեցին։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ միայն միջազգային իրավունքի նորմերի վրա։ Պետք է անխոս կատարվեն ՄԱԿ ԱԽ-ի 4 բանաձևերը։ «Օկուպացիոն» ուժերը պետք է դուրս բերվեն մեր հողերից։ «Պետք է» վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Դրա համար մենք պետք է գնալով ավելի ուժեղ դառնանք և դառնում ենք։ Տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում Ադրբեջանի պոտենցիալը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի պոտենցիալին։ Այն դեռ պետք է ավելի մեծանա։ Այսօր Ադրբեջանի տնտեսությունը կազմում է Հարավային Կովկասի տնտեսության 83 տոկոսը։
Աճում են նաև մեր ռազմական ծախսերը, ինչը բնական գործընթաց է՝ հաշվի առնելով Ղարաբաղյան հիմնախնդիրը։ Ընդհակառակը, «անբնական» կլիներ, եթե դրանք չաճեին։ Այն առաջադրանքը, որ ես տվել էի, կատարվել է մի քանի տարի առաջ։ Այն ժամանակ ես հանձնարարել էի մեր ռազմական ծախսերը հավասարեցնել Հայաստանի ողջ պետբյուջեին։ Մինչդեռ ներկայումս մեր ռազմական ծախսերը պետք է 500 միլիոն դոլարով գերազանցեն Հայաստանի ողջ պետբյուջեն։ Առաջիկայում դա էլ ավելի է մեծանալու»։









































