Իրանի արտաքին գործերի նախարարը պաշտոնապես հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նա նաև ընդգծել է, որ Իրանը և Ռուսաստանը տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու համար կարող են ունենալ նշանակալի դեր:
Նկատենք, որ այս հայտարարությունը հետևեց այն բանին, որ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, թե այժմ քննարկվում է խաղաղապահների տեղակայման հարցը: Նշենք, որ իրանական կողմի համար խաղաղապահների տեղակայման հարցը չափազանց խոցելի է:
Ռազմավարական մշակույթի ռուսական հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Արեշևը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ խաղաղապահների տեղակայման մասին խոսակցություններն ու Իրանի արտգործնախարարի հայտարարությունը միմյանց հետ կապված են. «Իրանի արձագանքը խաղաղապահների տեղակայման վերաբերյալ հայտարարությանը եղավ առանց հապաղելու և եղավ բավական մեղմ տեսքով, բայց, ամեն դեպքում, Իրանն այդ կերպ զգուշացնում է, որ ինքը կարևոր գործոն է տարածաշրջանային քաղաքականության մեջ, և որ առանց իր մասնակցության Հայաստանն ու Ադրբեջանը, միայն արևմտյան միջնորդության վրա հենվելով, արդյունքի դժվար կհասնեն»:
Արեշևը նկատեց, որ Լիբիայի և Սիրիայի դեպքերից կարելի է ենթադրել, որ հաջորդը Իրանն է լինելու, և այդ առումով շատ պարզ է, որ Իրանն անտարբեր չէ, թե ինչ կկատարվի իր շուրջը գտնվող երկրներում, մասնավորապես Հայաստանում և Ադրբեջանում:
Իրանի արտգործնախարարի հայտարարության մեջ Ռուսաստանի հիշատակումը, ըստ Արեշևի, նույնպես պատահական չէր. «Ռուսաստանում Իրանի այդ մեսիջը պետք է արձագանք գտնի, որովհետև Մոսկվայում այժմ առավել հաճախ է քննարկվում այն հարցը, թե ինչքանով էր արդյունավետ տարածաշրջանում և մասնավորապես Իրանին վերաբերող հարցրում միայն ԱՄՆ-ի հետաքրքրությունները հաշվի առնելու քաղաքականությունը»:
Արեշևը նշեց, որ այդ քաղաքականությունը կվերանայվի, քանզի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի և Թեհրանի համագործակցության նախանշաններն այսօր ակնհայտ են:










































