Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակմամբ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը 180 աստիճանով կուղղվի դեպի Արևմուտք. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:
«Խիստ ռուսամետ Կարեն Կարապետյանին փոխարինելու է գալիս խիստ արևմտամետ Վիգեն Սարգսյանը, ինչը նշանակում է, որ երկրի արտաքին քաղաքականությունը վերջնականապես ուղղվում է դեպի Ամերիկա: Այսկերպ Սերժ Սարգսյանը վերջնականապես հայտարարում է իր կողմնորոշումը»,- նկատեց Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավարը:
Նա, միաժամանակ, զերծ մնաց անդրադարձ կատարել Վիգեն Սարգսյանի` նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո հնարավոր զարգացումներին` նկատելով, որ կանխատեսումներ առայժմ չարժե անել: «Մենք շատ արագ ամեն բան կիմանանք: Քիչ ժամանակ է մնացել սպասելու»,- նկատեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի առաջ մամուլում լուրեր էին տարածվել, որ Վիգեն Սարգսյանը ամերիկյան գործակալ է: Նմանօրինակ բովանդակությամբ անանուն նամակներ ուղարկվել էին հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցներին:
ՀՀ ԱԱԾ-ն այդ առնչությամբ հերքում էր տարածել: «ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է, որ տարածված նամակը քաղաքական և լրատվական որոշակի շրջանակների հերթական չհաջողված արկածախնդրության դրսևորումներից է, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և չի կարող անգամ ճշմարտանման լինել»,- նշված էր հաղորդագրությունում:
Հիշեցնենք նաև, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել Կարեն Կարապետյանի` այդ պաշտոնից հեռանալուց հետո:










































