Արաբական պետոթյունների լիգան (ԱՊԼ) միջոցներ է ձեռնարկում Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև արագ բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրան»` վկայակոչելով Քաթարի վարչապետ Համադ բին Ջասիմ Ալ-Թանիի խոսքերը:
Այդ նպատակով արդեն կազմակերպվել է ԱՊԼ հատուկ հանձնաժողով՝ Քաթարի գլխավորությամբ: Կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ- Արաբիի խոսքով` բանակցությունները տեղի կունենան 15 օրվա ընթացքում:
Համապատասխան որոշում ընդունվել է կիրակի Կահիերում տեղի ունեցած Լիգայի նիստի ժամանակ:
Ի հավելումն դրա՝ նիստի ժամանակ քննարկվել է նաև Սիրիան ԱՊԼ-ից հանելու հարցը: Այսպիսի կոչ էին անում արաբական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք փորձում են այդպիսով ճնշում գործադրել երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի վրա: Ավելի վաղ արաբական մի քանի երկրների դեսպանները, որպես Ասադի գործողությունների դեմ բողոքի նշան, լքել էին Սիրիան:
Լիգայի նիստի արդյունքում որոշում է ընդունվել առայժմ պատժամիջոցներ չսահմանել Սիրիայի դեմ, բայց անել հնարավոր ամեն բան բանակցությունները կազմակերպելու համար: Նշվում է, որ դրանք կընթանան Կահիրեում` Լիգայի հովանու ներքո:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Դամասկոսն այս առաջարկին բացասաբար է վերաբերվել` հայտարարելով, որ Սիրիան «ի վիճակի է ինքնուրույն հոգալ իր ներքին գործերի և անվտանգության մասին»: Բացասական է եղել նաև սիրիացի ընդդիմադիրների արձագանքը:
Սիրիայի կառավարական ուժերի և ընդդիմության միջև հակամարտությունը շարունակվում է։ ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ երկու կողմերի միջև տեղի ունեցած բախումներում մինչ այժմ զոհվել է շուրջ 3000 մարդ:







































