Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական մեծաթիվ բնակչություն ունեցող Իգդիրում գործող և խիստ հակահայկական ուղղվածություն ունեցող, այսպես կոչված՝ «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASIM-DER) կազմակերպությունն Իգդիրում ակցիա է իրականացրել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ։
Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը մամլո ասուլիս է հրավիրել, որում մի շարք վիրավորական արտահայտություններ է գործածել Սարկոզիի հասցեին, ապա ընդգծել է, որ Ֆրանսիան Ալժիրում 1 միլիոն մարդու է սպանդի ենթարկել։
Գյուլբեյը նաև նշել է, որ Երևանում Սարկոզիի հնչեցրած հակաթուրքական հայտարարություններն իրականում ուղղված են ներքին լսարանին՝ Ֆրանսիայի 400,000-անոց հայ համայնքին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարկոզիին խստապես քննադատել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, եվրոպական հարցերով պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը և վարչապետ Էրդողանը։








































