Հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, քանի որ Ֆրանսիան Հայաստանում երկրորդ ներդրողն է: Այս մասին լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:
Նրա խոսքով` երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը ձգվում է արդյունաբերականից մինչև սպասարկման ոլորտներ: Դեսպանը հիշատակեց Հայաստանում հաջող գործունեություն ծավալող ամենատարբեր ոլորտների ֆրանսիական մի շարք ձեռնարկություններ`նկատելով, որ ֆրանսիական փորձը լավ օրինակ է այլ երկրների համար` գալու և գործունեություն ծավալելու Հայաստանում: «Հայաստան կատարած Ֆրանսիայի նախագահի զրուցակիցները ցանկություն են հայտնել, որ ֆրանսիական կողմն է՛լ ավելի ակտիվ ներգրավվածություն ունենա հայաստանյան տնտեսության մեջ: Մեր մասնակցությունը ցանկանում ենք ավելի ընդգծված դարձնել նաև արտաքին առևտրի ոլորտում»,- նկատեց դիվանագետը:
Անդրադառնալով հայ-եվրոպական հարաբերությունների մերձեցման գործընթացին` Անրի Ռենոն նկատեց, որ այն բավական արագ է առաջ ընթանում: «Հայաստանը վճռական է` հաստատուն քայլերով դեպի Եվրամիություն առաջանալու գործընթացում: Սա ընդգծում է Հայատանի պատրաստակամությունը` նմանօրինակ բանկցություններ վարելու հարցում: Շատ շուտով կսկսվի վիզաների դյուրացման գործընթացը: Ազատ տեղաշարժի հարցերի լուծումը կբերի ազատ առևտրի գոտիների գործարկմանը: Սա խթան կհանդիսանա հայաստանյան տնտեսության համար»,- նկատեց Անրի Ռենոն:











































