Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության նախնական ընտրությունների արդյունքում որոշվել է, որ ընդդիմությունը 2012 թ. նախագահական ընտրությունների ժամանակ կներկայացնի Ֆրանսուա Օլանդը: Նա երկրորդ փուլի ժամանակ հավաքել է մոտ 3 միլիոն սոցիալիստ ընտրողների ձայների ավելի քան 50%-ը: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլանդը ստացել է ընտրողների 57.74% ձայները, իսկ նրա մրցակիցը` Մարտին Օբրին` 42.26%-ը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար, Օլանդի հիմնական մրցակից Մարտին Օբրին ընդունել է իր պարտությունը և հայտարարել, որ աջակցելու է Օլանդին առաջիկա ընտրությունների ժամանակ: Օլանդն արդեն առաջ է անցել գործող նախագահից սոցհարցումների արդյունքներով և վստահ գլխավորում է նախագահի թեկնածուների ցուցակը: Հիշեցնենք, որ Օլանդը մինչև 2008 թ. գլխավորել է սոցիալիստական կուսակցությունը: Նա եղել է անցած ընտրություններում Սարկոզիի հիմնական մրցակից Սեգոլեն Ռոայալի քաղաքացիական ամուսինը: Սոցիալիստական կուսակցության այս տարվա նախնական ընտրություններում Ռոայալը զբաղեցրել է ընդամենը 4-րդ տեղը` հավաքելով կուսակիցների ձայների մոտ 7%-ը:









































