Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Քերմանշահ քաղաքի ուսանողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարել է. «Եթե ապագայում զգացվի, որ խորհրդարանի կողմից երկրի նախագահի ընտրությունն ավելի արդյունավետ է, անպայման երկրի վարչակարգը կփոխվի ու կդառնա խորհրդարանական: Համակարգում նմանօրինակ փոփոխությունները չեն նշանակի, թե մենք վերանայում ենք մեր հեղափոխական և իսլամական սկզբունքները, այդ միայն կօգնեն, որ Իրանի կառավարման համակարգը ճկուն լինի»։
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», անցյալ ամիս Իրանի խորհրդարանի պահպանողական պատգամավոր Համիդ Ռեզա Քաթուզիանը հայտարարել էր, որ խորհրդարանում մի նոր նախագիծ է քննարկվում, որի համաձայն՝ Իրանի նախագահի պաշտոնը կվերանա, դրա փոխարեն կհաստատվի վարչապետի պաշտոնը, որն ընտրվելու է խորհրդարանի կողմից:
Մի շարք փորձագետներ համոզված են, որ եթե Իրանի վարչակարգը խորհրդարանական դառնա, և երկրի գործադիր իշխանության ղեկավարը ընտրվի խորհրդարանի կողմից, Իրանի առաջնորդի լիազորություններն ու ազդեցությունն այսօրվա համեմատ զգալիորեն կբարձրանան:









































