Հոկտեմբերի 16-ին Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում սպասվում են համայնքի ղեկավարի ընտրություններ: Գյուղապետի պաշտոնի համար միմյանց դեմ կմրցեն անկուսակցականներ Էդվարդ Անտոնյանը, Մխիթար Պետրոսյանը և «Հանրապետական» կուսակցության անդամ Գնել Ստեփանյանը: Գյուղն ունի 2000 բնակիչ, որի 10 տոկոսը մեկնել է արտագնա աշխատանքի, իսկ նախնական ցուցակներով կա 1400 ընտրող:
Էդվարդ Անտոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախընտրական պայքարը նորմալ է ընթանում, արտառոց ոչինչ չկա, և եթե այսպես շարունակվի, տպավորությունն այնպիսին է, որ ամեն ինչ հարթ կընթանա: Ընտրակաշառք, ձայներ կորզելու համար միջնորդություններ, ըստ նրա, թեև չկան, բայց խոսակցություններ լինում են: «Օրինակ` մեր ցանկությունն այն է, որ երեք թեկնածուների մասնակցությամբ ժողովրդի հետ հանդիպենք, մեր ծրագիրը ներկայացնենք, սխալներից խոսենք, բայց գյուղապետը մեր այս ցանկությանը չարձագանքեց»: Մեր այն դիտարկմանը` ինչպե՞ս կգնահատի գյուղապետի նախորդ տարիների գործունեությունը, պատասխանեց, որ եթե նրա աշխատանքից գոհ լիներ, ապա հիմա ցանկություն չէր հայտնի մասնակցելու գյուղապետի ընտրությանը. «Այդ խնդիրներից ելնելով` փորձում եմ համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել և այդ խնդիրներին լուծում տալ: Մի քանի անգամ ավելի բարձր աշխատանքի կարող էի տեղավորվել, բայց իմ համար երազանք չի համայնքի ղեկավար, գյուղապետ ընտրվել, ուրիշ աշխատանքի առաջարկներ էլ են եղել, պարզապես համայնքին պետք գալու համար ուզում եմ իմ թեկնածությունն առաջադրել»:
Խոսելով խնդիրների մասին` նա նախ առանձնացրեց մանկապարտեզի ավերակ վիճակը, որը, ըստ նրա, ռազմական գործընթացում գտնվող կառույց է հիշեցնում` կոտրտված, ջադուփշուր արված: Նրա փոխանցմամբ` դպրոցը ամենացավալի հարցերից մեկն է, քանի որ կապիտալ վերանորոգման անհրաժեշտություն ունի, բայց ո՛չ գյուղապետարանից աջակցություն ունի, ո՛չ մյուս իրավասու մարմիններից: Հարևան գյուղերում կենտրոնական փողոցներում լուսավորություն կա, իրենց մոտ չկա, դաշտամիջյան ճանապարհները մեծ մեխանիզմների համար անանցանելի են: Գյուղում ջուրը կարճ ժամանակով են տալիս, ավելին` փողոցներ կան, որ ջուր չունեն: Գումարած դրան, որ ոռոգման ջրի վիճակը շատ վատ է: Ոռոգման ջրի պատճառով այս տարի մոտ 100 ընտանիք իրենց հողից եկամուտ չեն ստացել:
Մեր այն հարցին, թե ի՞նչ լավ գործի է եղել ժամանակին, որին խոսքի ընթացքում անդրադարձավ, պատասխանեց. «Ասեմ, որ ես սկսել եմ բանվորից, մինչև շինանյութերի կոմբինատում փոխտնօրենի պաշտոնին եմ հասել, այսպես բարձրանալով 96թ.-ին առաջին անգամ քաղաքապետի ընտրություններում թեկնածությունս եմ առաջադրել, 3000 ձայն հավաքել եմ, բայց չեմ անցել: Դրանից հետո էլի այլ պաշտոններ եմ զբաղեցրել: Որոշ ժամանակ զբաղվել եմ նաև խոզաբուծությամբ: Իմ և Անդրանիկ Մարգարյանի մայրերը հորեղբոր աղջիկներ են, եթե ես խնդրեի` ինձ անպայման գործի կդնեին, բայց այս ընթացքում պարզապես չեմ ցանկացել աշխատել: Ուզում եմ ասել, որ այդ հնարավորությունը ունեցել եմ, պարզապես չեմ օգտվել»: Նա նաև նշեց, որ թեև գործող գյուղապետը ՀՀԿ-ական է, բայց մինչ օրս չի զգացել, որ այդ կառույցը` ի դեմս ՀՀԿ-ի, գյուղում գործում է: Ինչպես նաև չի զգացել, որ ՀՀԿ-ն գյուղապետին կամ գյուղին օգուտ տված լինի, կամ գյուղապետը` ՀՀԿ-ին:
Առաջադրված մյուս թեկնածուն` Մխիթար Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրապայքարում դեռևս խախտումներ չի նկատել, ընտրարշավն էլ նորմալ է ընթանում: Իսկ «Հանրապետական» կուսակցության անդամ Գնել Ստեփանյանն իր խոսքում նշեց, որ նախընտրական իրավիճակը նորմալ է, առայժմ ընտրակաշառք չի նկատել, իսկ եթե լինի էլ, ազնիվ մարդկանց վրա չի ազդի: Այն հարցին, թե կուսակցությունից աջակցություն ունի՞, հրահանգներ ստացե՞լ է` պատասխանեց. «Բացարձա՛կ»:









































