Ռուսաստանում լուրջ քննարկումների տեղիք է տվել Բրյանսկ քաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը, որի արդյունքում մեքենայի տակ են ընկել երիտասարդ մայրն ու նրա դուստրը: Այս միջադեպի հետ կապված աղմուկն այնքան մեծ է եղել, որ ՌԴ իշխանությունները որոշել են այն փոխանցել հատուկ քննչական ծառայությանը:
Ավտոպատահարը նկարահանվել է քաղաքային ավտոբուսում տեղակայված տեսախցիկով: 29-ամյա Աննա Սիվակովան և նրա դուստրը ճանապարհը հատել են մի հատվածում, որտեղ անցումը նշված է եղել միայն համապատասխան նշանով, իսկ ասֆալտի վրա ոչ մի գծանշում չի եղել: Աննայի դուստրը տեղում մահացել է, իսկ նա տեղափոխվել է հիվանդանոց ծանր վնասվածքներով: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Հասարակական կազմակերպությունները, քաղաքի բնակիչները ցույց են կազմակերպել ավտոպատահարի վայրում` մտավախություն ունենալով, որ այս միջադեպը կարող է անտեսվել ոստիկանության կողմից, իսկ մեղավորները չստանան արժանի պատիժ: Ցուցարարներին վրդովեցրել է այն փաստը, որ մեղավոր վարորդին ազատության մեջ են թողել քաղաքը չլքելու ստորագրության դիմաց: Իրավիճակն ավելի է բարդացել, երբ լուրեր են հայտնվել, որ մեքենայի վարորդն ունի բարձրաստիճան պաշտոնյա բարեկամներ, ինչը հետագայում հերքվել է ոստիկանության կողմից:









































