Apple-ը IT ոլորտի առաջնորդներին հրավիրել է ընկերության` կյանքից հեռացած առաջնորդ Սթիվ Ջոբսի մահվան առիթով հիշատակի փակ արարողությանը: Ինչպես հաղորդում է The Wall Street Journal պարբերականը, միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ի երեկոյան՝ Սթենֆորդի համալսարանում:
Apple ընկերության հիմնադիր և IT ոլորտի կուռք Սթիվ Ջոբսը մահացել է հոկտեմբերի 5-ին` 56 տարեկանում: Apple-ը և Ջոբսի ընտանիքը հայտարարել էին, որ նրա հիշատակի բաց հասարակական միջոցառում չի նախատեսվում: Apple-ի ներկայացուցիչը թերթին հայտնել է, որ միջոցառումը փակ կլինի մամուլի համար: Մուտքը՝ միայն հրավիրատոմսերով է, սակայն հյուրերի ցանկը չի հաղորդվում:
Պարբերականը նաև չի նշում, թե ինչ կրոնական օրենքներով կկազմակերպվի հիշատակի արարողությունը: Հիշեցնենք, որ Ջոբսը հուղարկավորվել է բուդդիստական ավանդույթով (1973թ. նա ընդունել էր բուդդայականություն):
Հիշատակի արարողության վայրը պատահական չէ ընտրված: Ջոբսը երբեք որևէ քոլեջ կամ համալսարան չի ավարտել: Սակայն Սթենֆորդի համալսարանում 2005թ. Ջոբսի ելույթը դարձել է նրա ամենահայտնի հրապարակային ելույթը, չնայած դրա ժամանակ նա ոչ մի էլեկտրոնային սարք չի ներկայացրել:








































