Հոկտեմբերի 1-8-ը Երևանում տեղի ունեցավ «Հայֆեստ» իններորդ միջազգային թատերական փառատոնը, որի շրջանակում հանդես եկան 18 երկրի 30 թատերախմբեր ու պարային խմբեր: Թատերախմբեր ժամանեցին Վրաստանից, Մեծ Բրիտանիայից, Լատվիայից, Բուլղարիայից, Իրանից, Հունգարիայից: Այս մասին լրագրողների հետ փառատոնի եզրափակիչ ասուլիսին տեղեկացրեց «Հայֆեստի» ղեկավար Արթուր Ղուկասյանը:
«Փառատոնն անցավ հաջող, կային դեպքեր, երբ ներկայացումը չկայացավ, եղան դեպքեր, երբ դերասանը չկարողացավ գալ կամ Մարջանաշվիլու թատրոնը չկարողացավ գալ սողանքի պատճառով, բայց մնացածը ստացվեց»,- ասաց նա` տեղեկացնելով, որ մեկ ներկայացում չկարողացան ցուցադրել Ազատության հրապարակում հանրահավաքների պատճառով:
Նրա խոսքով` հայ հանդիսատեսը հայկական թատրոններից շատ է հավանել Վահան Բադալյանի «Ճայը» ներկայացումը, «Միհր» թատրոնի ներկայացումները: Արտասահմանյան ներկայացումներից հավանել էին Բիլլի Քրոուի յոթրոպեանոց ներկայացումը, «Կրեդո» թատրոնը, Ռուսական թատրոնի՝ «Ինչո՞ւ է Ջոն Լենոնը կիսաշրջազգետով» ներկայացումը: Ա.Ղուկասյանի խոսքով`հայ հանդիսատեսի կողմից ամենաշատ զարմանք կամ բացասական կարծիքներ է ստացել չեխական թատրոնը: «Հիմա նայելով` տեսնում եմ, որ դա մեր խաղացանկի ամենաթույլ ներկայացումն էր: Բնականաբար, մենք իրենց չենք հրավիրի, բացի այդ՝ կար նաև խումբ, որոնց հետ այլևս չենք աշխատի»,- ընդգծեց նա` չցանկանալով նշել խմբի անվանումը:
Նա տեղեկացրեց, որ շուրջ 10 թատերական խմբերի ղեկավարներ՝ Baltic Circle միջազգային թատերական փառատոնի հիմնադիր Յուկա Հյութին, Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Գրեգորի Նեշը անցկացրին վարպետության դասեր և սեմինարներ:
«Մեր թիրախային խումբը շատ լայն է: Բնականաբար ակտիվ է երիտասարդությունը: Դրան նպաստում է նաև ֆեյսբուքյան շփումը, որոնք անընդհատ հետևել են «Հայֆեստին»»,- ասաց նա` ընդգծելով, որ հանդիսատեսն ունի արդեն փառատոնային փորձ: «Պետք է լինեն նորարարություններ: «Հայֆեստը» վաղուց իր տեղը գտել է, առնվազն՝ Երևանի մշակութային կյանքում»,- համոզմունք հայտնեց Ա.Ղուկասյանը
Հաջորդ տարի, հնարավոր է, «Հայֆեստի» շրջանակում ռուսական «Ոսկե դիմակի» հետ բանակցությունները կշարունակվեն, որ այստեղ գան ռուսական լավագույն ներկայացումները:
«Հայֆեստը» 2006 թվականից ի վեր նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում, բացառությամբ Մոսկվայի, գլխավոր թատերական փառատոնն է:











































