Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ` Աղդամի շրջանի Օթա Գերբենդ գյուղում մեկնարկել են պաշտպանական պատի կառուցման աշխատանքները։ Ինչպես նաև տեղեկացվում է, որ այդպիսի պատեր պետք է կառուցվեն նաև հայ-ադրբեջանական շփման գծի այլ հատվածներում։ Նկատենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները պատի կառուցումը պայմանավորում են «քաղաքացիական բնակչությանը հակառակորդի արձակած գնդակներից» իբրև թե պաշտպանելու հանգամանքով:
ԼՂՀ պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին՝ նշեց. «Եթե նրանք պատճառաբանում են, թե պատ են կառուցում ղարաբաղյան զինված ուժերից պաշտպանվելու համար, ապա պետք է միանշանակ ասեմ, որ ԼՂ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները չեն կրակել, չեն կրակում և ընդհանրապես չեն կրակի խաղաղ բնակչության վրա: Սա պարզապես ադրբեջանական կողմի հերթական քարոզչական հնարքն է, որով ուզում են գրավել միջազգային հանրության ուշադրությունը»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ադրբեջանական կողմը նման պատ կառուցելով պատերազմի է պատրաստվում, Հասրաթյանը նշեց, որ ինքը, որպես Պաշտպանության բանակի սպա, այդ պատի կառուցման մեջ պատերազմի սպառնալիք չի տեսնում, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատը կառուցվում է Ադրբեջանի առաջապահ ուժերի թիկունքում:








































