Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ` հոկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել մանկապղծության մեջ մեղադրվող «Մեթալ փրինս» ընկերության սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի հերթական դատական դռնփակ նիստը: Ինչպես հայտնի է դարձել, հարցաքննության ժամանակ Ս.Տեր-Պողոսյանը մասնավորապես ասել է, որ իրեն մեղավոր է ճանաչում, զղջում է, սակայն չի ընդունում առաջադրված մեղադրանքները:
Երեկվա նիստում ամբաստանյալին առաջինը հարցեր տալու հնարավորություն ունեցել են նրա երկու դատապաշտպանները, սակայն նիստին ներկա Տիգրան Սաֆարյանը հրաժարվել է հարցեր տալ, նրան հարցաքննել է մեղադրող կողմը: «Առաջին լրատվականը» գործարարի փաստաբան Տիգրան Սաֆարյանից փորձեց ճշտել` ի՞նչ են նշանակում իր պաշտպանյալի խոսքերը:
Վերջինս մեզ հետ զրույցում, ելնելով այն բանից, որ դատավարությունը դեռ ընթացքի մեջ է, ասաց, որ Ս. Տեր-Պողոսյանը իրեն մեղավոր չի ճանաչում իրեն մեղսագրվող արարքները բռնի կերպով կատարելու մեջ ու չի ընդունում մեղադրանքները: Ինչ վերաբերում է զղջալուն, ապա նա բացատրություն է տվել դատարանում: «Չէի ցանկանա այդ ամենը հրապարակել, քանի որ դատը դռնփակ է: Այս պահի դրությամբ ավելի բան չեմ կարող ասել»,- նշեց փաստաբանը` հավելելով, որ զղջալը տվյալ դեպքում մեծ մասամբ չի վերաբերում Ս.Տեր-Պողոսյանի գործողություններին:
Վերջինս մասնավորապես ասել է, որ իր դեմ հարուցված դատական գործընթացից հետո առաջացած աղմուկը ազդել է Ախթալայի ու նրա բնակիչների բարի համբավի վրա ու ներկայում մարդիկ սկսել են այլ աչքերով նայել նրանց: Նա խորհուրդ տվեց սպասել մինչև հարցաքննությունների ավարտը, երբ կներկայացվեն միջնորդությունները: «Միայն դրանից հետո կկարողանանք հստակ ասել, թե նա ինչի համար է այդպես ասել այսքան ժամանակ ու թե ինչ նկատի ունի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ քրեական գործ է հարուցվել մանկապղծության փաստի առթիվ ու Սերոբ Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նույն հոդվածի 3-րդ մասով:
Դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 19-ին՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:






































