Հայաստանում այս տարի ևս գազի սպառման ծավալները կնվազեն: «Առաջին լրատվականի» հետ զրույցում գազի փորձագետ Նվեր Սարգսյանը նշեց, որ դա անխուսափելի է, քանի որ վատթարացել են թե՛ սոցիալական պայմանները, և թե՛ գնաճը իր գործը կանի. «Գազի սպառման ծավալները միանշանակ կնվազեն: Սոցիալական խնդիրները՝ մեծ գնաճային ֆոնի վրա կկրճատեն ծավալները: Անգամ հարևանների ու խոսակցական մակարդակով երևում է, որ շատերը հրաժարվելու են, կամ նվազագույն ծավալով են օգտագործելու՝ զուտ գոյատևելու համար»:
Նշենք, որ 2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 620,241 բաժանորդ: «ՀայՌուսգազարդ» ընկերության տրամադրած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին փաստացի գազ սպառող բաժանորդների թիվն ավելացել է 7,384-ով, այդ թվում 1,064-ը՝ սեպտեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսական ցուցանիշն է ինն ամիսների արդյունքներով:
Փորձագետի կարծիքով՝ 7 հազար բաժանորդները շատ մեծ թիվ չի և հավանաբար գազաֆիկացման աշխարհագրության հաշվին է մեծացել: